Առավելագույնը` նվազագույն պայմաններում
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդային տարիներին բարձրագույն ուսումնական հաստատություններում մեծ ուշադրություն էին դարձնում ֆիզկուլտուրային ու սիրողական սպորտին, այսօր, սակայն, տարբեր պատճառներով վերաբերմունքը փոխվել է:
«Ա1+»-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ մեր հանրապետության մայր բուհի` Երեւանի պետական համալսարանի սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, դոցենտ Սարգիս Սանթրոսյանը ասաց, որ համալսարանի ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է բուհի սպորտային կյանքը գոնե խորհրդային տարիների մակարդակին պահելու համար:
«ԵՊՀ մշտապես մասնակցում է ամեն տարի հանրապետությունում անցկացվող ուսանողական խաղերին: Մրցանակային տեղեր գրաված ուսանողներին ու նրանց մարզիչ-մանկավարժներին համալսարանի ղեկավարությունը միշտ էլ խրախուսել է դրամական պարգեւներով: Ամեն տարի պարտադիր անցկացնում ենք ներքին առաջնություններ սեղանի թենիսից, շախմատից, բասկետբոլից ու վոլեյբոլից: Բացի այդ յուրաքանչյուր ուստարում մենք երկու ամսով լողավազան եւ հրաձգարան ենք վարձակալում, որպեսզի ուսանողները լողալ սովորեն եւ ծանոթանան գնդացրից կամ հրացանից կրակելու գաղտնիքներին»,-ասաց նա:
Ամբիոնին կից գործում է նաեւ մարզական ակումբ (նախագահ, պրոֆեսոր Հենրիկ Թումանյան), որի կազմի մեջ գործում են 14 մարզաձեւերից 20 խմբակներ: Դրանցում ընդգրկված են մոտ 450 ուսանողներ:
Այնուամենայնիվ, մայր բուհի սպորտային կյանքում կան նաեւ մի շարք խնդիրներ: Ինչպես խոստովանում է Սարգիս Սանթրոսյանը, իրենց ամենամեծ խնդիրը մեծ դահլիճն է, որը ներկայումս անմխիթար վիճակում է:
«Եթե այն նորոգվի, ապա իր պայմաններով կդառնա մեր հանրապետության լավագույն մարզադահլիճներից մեկը: Ցավոք, համալսարանն իր ֆինանսական միջոցներով ի վիճակի չի նորոգել մարզադահլիճը: Դրա համար հովանավորներ են անհրաժեշտ», - ասաց նա:
Ի դեպ, զրույցի ժամանակ նաեւ պարզվեց, որ այսօր շաբաթական ֆիզկուլտուրայի մեկ դասաժամ է նախատեսված միայն 1-2-րդ կուրսի ուսանողների համար (խորհրդային տարիներին բոլոր կուրսերին 4-ական ժամ էր հասնում): Պատճառն այն է, որ ուսանողների թիվը չորս անգամ ավելացել է, իսկ մարզաբազաների հնարավորություները մնացել են նույնը: