Բացել լրահոսը Փակել լրահոսը
16342 (1)
A A
Քաղաքականություն

Որևէ բան բաց չենք թողել մեր տեսադաշտից․ Ալավերդի համայնքի ղեկավար

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, անդրադառնալով համայնքում կորոնավիրուսով պայմանավորված աշխատանքներին, ասում է՝ օրենքով վերապահված և «չվերապահված» ցանկացած գործողություն կատարում են։
 
«Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց՝ իրենք դեռ առաջին օրվանից, մինչև արտակարգ դրություն հայտարարելը, քայլեր ձեռնարկել են։
 
«Մենք այդպիսի իրավիճակների համար աղետների և ռիսկերի պլան ունենք, դեռ ուրբաթ օրվանից այդ ուղղությամբ աշխատել ենք։ Որովհետև մենք գրություն էինք ստացել մանկապարտեզները, համայնքին ենթակա ուսումնական-կրթական հիմնարկները փակելու վերաբերյալ»,-ասաց նա։
 
Համայնքն ընդգրկում է Ալավերդի, Աքորի քաղաքները, Կաճաճկուտ, Հաղպատ, Ծաղկաշատ, Ջիլիզա գյուղերը։
 
Համայնքապետը նշեց, որ դիտարկումներ են կատարել՝ սկսած հյուրանոցներց, թե քանի հյուրանոցային համար կա և «եթե «Աստված ոչ անի» կորոնվիրուսով վարակվածության դեպքեր գրանցվեն, մեկուսացման համար ինչ ռեսուրսներ կան», շրջել են պարենային խանութներով՝ հասկանալու, թե մթերքի, առաջին օգտագործման պարագաների համար ինչ ռեսուրսներ կան, բենզալցակայաններից ինչ ռեսուրսներ կան, որ անհրաժեշտության դեպքում որոշակի քանակով բենզին չվաճառվի և պահվի հիվանդանոցի մեքենաների համար։ 
 
«Հանրային սննդի բոլոր օբյեկտներն արգելվել են։ Արտակարգ դրություն հայտարարելու օրը նիստ ենք արել, որին ներկա են եղել ոստիկանապետը, արտակարգ իրավիճակների պետը, զինկոմիսարիատի, վարչական ղեկավարների հետ առանձին։ Հետո հասարակական տրանսպորտի ներկայացուցիչների հետ, քաղաքապետարանում ամենօրյա 24-ժամյա հերթապահություն է իրականացվում։ Կրոնական բոլոր կազմակերպություններին պաշտոնապես զգուշացրել ենք հավաքներ չիրականացնել։ Որևէ բան բաց չենք թողել մեր տեսադաշտից, ամենօրյա աշխատանքի մեջ ենք»,- շարունակեց Խեչումյանը։
 
Փողոցների ախտահանման մասով՝ Ալավերդու համայնքապետն ասաց, որ արդեն հիմնարկներից մեկի հետ կա պայմանավորվածություն, հիմա կոմունալ ծառայությունը քաղաքում և բնակավայրերում, ձնամաքրման աշխատանքերով է զբաղված, և առավոտյան կսկսեն ախտահանման աշխատանքները։
 
Հարցին, թե դիմակալը, ալկոգելը բավականացնո՞ւմ է բնակիչներին, նա պատասխանեց, որ համայնքապետարանը խնդրել է կարի արտադրամասի աշխատակիցներին դիմակալներ կարել, օրեկան 8 հազարից ավելի կարում են․ «Կամավորների խումբ ենք ձևավորել, նրանց ենք ֆինանսավորել, օրեկան 1500-1600 հատ դիմակալ են կարում, հիվանդանոցի միջոցով վարակազերծում ենք ու բաժանում սոցիալապես անապահով խավին»։
 
Ալկոգելերի մասով՝ Խեչումյանը նշեց, որ համայնքապետարանը գնել է, վարչական ղեկավարներին բաժանել է, բոլոր վարչական շենքերում, զուգարանների, ընդհանուր մուտքերի մոտ ալկոգել դրված է․ «Պատրաստվող ալկոգելը հերիքում է»։ 
 
Խոսելով համայնքապետարանի աշխատանքների մասին՝ Ալավերդի համայնքի ղեկավարն ասաց, որ հնարավորության դեպքում առցանց են աշխատում, իսկ եթե ոչ՝ հնարավոր հեռավորությունը պահելով։ «Սննդի անվտանգության  տեսչության հետ էլի ամենօրյա աշխատում ենք, խորհրդակցում ենք, բոլոր կառույցները ներգրավված են»,- ընդգծեց նա։
 
Համայնքապետարանի 60-անց, փոքր երեխաներ, առողջական խնդիրներ ունեցող աշխատակիցներին համայնքապետարանը խնդրել է առցանց աշխատել։ Խեչումյանը հավելեց, որ  ՍԱՏՄ-ի կողմից արտադրամասերին, ընկերություններին, խանութներին, սննդի կետերին մեթոդաբանական ուղեցույցներ են բաժանվել։
 
Հարցին՝ պետությունն ինչ-որ միջոցներ տրամադրե՞լ է անապահով ընտանիքներին, պատասխանեց, արդեն սկսել են ինչ-որ գործողություններ, համայնքապետարանը նաև իր միջոցներով ինչ-որ բաներ արել է։
 
Հասարակական տրանսպորտի, տաքսիների ախտահանման վերաբերյալ Սասուն Խեչումյանն ընդգծեց․ «Հասարակական տրանսպորտի ներկայացուցիչներին ցուցում ենք տվել՝ մասնագիտական կառույցների խորհրդատվությունը ստանալով, առաջարկել ենք, որ որոշ դեպքերում ծառայությունները մասնագիտական կառույցների նյութերից, աշխատակիցներից աջակցություն ստանան։ Իսկ անհատական տաքսիների մասով ոստիկանապետի հետ ենք պայմանավորվել, տեսուչների միջոցով տաքսիների հետ էլ առանձին ենք աշխատում»։