Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ինքնամեկուսացված 75 հոգանոց անձնակազմից 1-ի մոտ կորոնավիրուս է գրանցվել․ նախարար (տեսանյութ)

Իտալիայից մարտի 16-ի գիշերը չարտերային թռիչքով վերադարձած քաղաքացիներից մեկի ջերմությունը երեկ բարձրացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց և կթեստավորեն։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին տեղեկացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե այդ չվերթի ժամանած քաղաքացիներն ու ինքնաթիռի անձնակազմը ի՞նչ վիճակում են։

«Մնացյալին թեստավորելու ենք կարանտինի ժամկետը լրանալուց հետո, որովհետև նրանք առողջ են»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ այս շրջանում իմաստ չկա նրանց թեստավորելու։

Նախարարից հետաքրքրվեցին, թե կրկնակի վարակման հավանականություն կա՞, Արսեն Թորոսյանը չբացառեց այդ հավանականությունը՝ հատկապես այս փուլում, երբ վիրուսը բժշկական հանրությունը դեռ ուսումնասիրում է։

«Գուցե դրա մասին հնարավոր լինի խոսել 2-3 տարի հետո, բայց նույնիսկ եթե այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ կողք-կողքի ապրել, ինչպես այլ վիրուսների հետ ենք ապրում»,- ասաց Առողջապահության նախարարը։

«Ա1+»-ի հարցին, թե օրեր առաջ ինքնամեկուսացված «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության 75 հոգանոց անձնակազմը ի՞նչ վիճակում է, շարունակո՞ւմ են ինքնամեկուսված մնալ, Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքնամեկուսացման որոշումը կայացրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը։ Ըստ Արսեն Թորոսյանի՝ աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է գրանցվել։

«Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, և հետազոտվել են, բոլորի մոտ թեստը բացասական է եղել։ Այսինքն՝ այս պահի դրությամբ հիմնավոր կասկած, որ նրանք վարակվել են, չկա, բայց եթե լինի էլ, մենք ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կախված հիվանդության արտահայտման աստիճանից։ Եթե դա լինի թեթև, հնարավոր է տեղում այդ ամենը կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, բայց եթե ծանր լինի, կյանքին վտանգ սպառնա, նրանք կհոսպիտալացվեն»,- պարզաբանեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ Երևանում նման մի դեպք էլ է գրանցվել, երբ մի իտալացու հետ շփվել է 6 ընտանիք, որոնք իրենց շենքում կարանտինում են։

Նախարարից հետաքրքրվեցին նաև, թե տեղեկություն ունի՞ էջմիածնում հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ վերաբերյալ, ի՞նչ տեղեկության է տիրապետում, որովհետև կորոնավիրուսով վարակված կինը «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հերքել է, թե ինքը վարակված լինելու մասին իմացել է ու թաքցրել։ Կնոջ խոսքերով՝ նշանադրությունից հետո ջերմություն է ունեցել, դիմել է բժիշկներին, ասել են, թե թոքաբորբ ունի, զգուշացրել է, որ Իտալիայից է եկել, բայց բժիշկներն էլ ասել են, որ նման բաների հետևից չընկնի։

Հարցին նախարարն այսպես արձագանքեց․ «Մենք արդեն հայտնել ենք դեպքի իրական մանրամասները, ես չգիտեմ՝ ինչ տեղեկատվություն եք ինձ փոխանցում։ Եղել են հսկողական այցեր, որ ժամանակ դուռը չի բացվել, եղել են զանգեր, որին պատասխանել են՝ ամեն ինչ նորմալ է, մեզ չանհանգստացնեք: Բայց ունենք վիճակ, որի մասին բոլորը գիտեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։