Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՀՀ սահմանային հսկիչ կետերից Հայաստան ժամանած մոտ 100 անձ է մեկուսացվել (տեսանյութ)

 2020թ․ հունվարի 24-ից առ այսօր համաճարակային առումով վտանգավոր երկրներից Հայաստան են ժամանել 4993 ուղևորներներ։ Նրանք լրացրել են հասցեական քարտեր։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Ըստ նրա՝ ՀՀ սահմանային հսկիչ կետերից մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ, որտեղ ընդգրկված են Իտալիայից չարթերային թռիչքով եկած անձինք։ Հակոբ Ավագյանը կոռեկտ չի համարում հարցը, թե Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համարո՞ւմ է, որ նաև իր աշխատանքի բացթողման պատճառով Հայաստանում գրանցվեցին կորոնովիրուսի վարակման դեպքեր։

«Ոչ մի երկիր ապահովագրված չէր իր երկրում կորոնավիրուսի թափանցումով, անկախ նրանից ինչքանով էին ուժեղացված կամ ոչ մեր միջոցառումները։ Նույնիսկ մեր միջոցառումներից ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացրած երկրներում վիրուսը ներթափանցել է»,- ասաց Հակոբ Ավագյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 7 սահմանային հսկիչ կետեր ունի, որոնցից երկուսը՝ օդանավակայաններում են, մեկը՝ երկաթգծի սահմանային հսկիչ կետն է, իսկ մնացյալն էլ ցամաքային հսկիչ կետեր են։ Այս ընթացքում տեսչական մարմնի բոլոր սահմանային հսկիչ կետերի անձնակազմերը մոտ երկու անգամ ուժեղացվել են։

«Նրանց տեխնիկական և իրենց իսկ սեփական պաշտպանիչ միջոցներով համալրում է իրականացվել, գումարած ախտահանիչ լուծույթներով են ապահովվել։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ։ Օրինակ՝ Մեղրիի սահմանային հսկիչ կետում աշխատողները ոտքի վրա էին աշխատում, ՊԵԿ-ի հետ համաձայնության գալով, նրանց կողմից տարածք տրամադրվեց»,- ընդգծեց Հակոբ Ավագյանը։

Անդրադառնալով սահմանային անցակետերում Հայաստան մուտք գործող բեռնատարների ախտահանմանը, Հակոբ Ավագյանն ասաց, որ Առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն, որ մեքենաները ախտահանվեն, որովհետև դրանք վիրուսակիր չեն։

«Եղել է դեպք, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի ենք մեկուսացրել՝ հյուսիսային սահմանում, այդ դեպքում մեքենան կանգնեցվել է ՊԵԿ-ի մաքսային տարածքում։ Մինչև հաջորդ վարորդի գալը, մեքենայի խցիկը ախտահանվել է, նոր նրան թույլատրվել է մեքենան վարել»,- ասաց պարոն Ավագյանը։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը անդրադարձավ նաև համացանցում օգտատերերի կողմից միմյանց ուղարկվող հաղորդագրությանը, որում ներկայացվում է կորոնավիրուսի բուժման միջոցների մասին։

«Մեր իրազեկման բաժնի կողմից սեփական նախաձեռնությամբ զեկուցագիր է գրվել և մենք վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին»,- ասաց նա։