Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Դասղեկի ինստիտուտը վերարժևորման կարիք ունի»․ ի՞նչ լուծումներ են առաջարկում (տեսանյութ)

Արտակարգ դրության պայմաններում են աշխատում նաև Ազգային ժողովի պատգամավորները:

ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի ղեկավար Մխիթար Հայրապետյանը ստիպված եղավ դահլիճից դուրս հրավիրել պատգամավորների  օգնականներին, որպեսզի դահլիճում 20 հոգուց ավելի անձինք չլինեն։

Նա հույս հայտնեց, որ նրանք ըմբռնումով կմոտենան այս որոշմանը:

Անցնելով նիստի աշխատանքներին՝ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցը»:

Մելքումյանն ասաց, որ տարբեր շփումները ցույց են տվել, որ դասղեկի ինստիտուտը վերարժևորման կարիք ունի.

«Հանրապետության բոլոր դպրոցներում դասղեկները, կախված տարբեր չափանիշներից, ստանում են տարբեր հավելավճարներ: ՀՀ-ում կա 17 հազար 16 դասղեկ, նրանցից մինչև 5000 դրամ են ստանում 7.6 տոկոսը, 5000-ից  10.000 են ստանոււմ 16.5 տոկոսը, 10.000-15.000 են ստանում 29.5 տոկոսը, 15-20.000 ՝ 7.36 տոկոսը, իսկ 20.000-ից ավել են ստանում 37.6 տոկոսը: Կան 225 դասղեկներ, ովքեր ընդհանրապես հավելավճար չեն ստանում»:

Մելքումյանն ասաց՝ առաջարկում են հստակ սահմանել՝ ով է դասղեկը, ինչ պարտականություններ ունի, բացի այդ, նա պետք  է անպայման հավելավճար ստանա, նախագծի հեղինակները հավելավճարի չափը թողնում են Կառավարության որոշմանը:

Ըստ Մելքումյանի՝  սա այն ոլորտն է, որտեղ պետք  է ընդհանուր մոտեցում լինի:

Հարցի հարակից զեկուցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդեց, որ մարզերում շատ ավելի մեծ են չվճարվող դասղեկները և ուսուցիչները, ինչը կապված է դպրոցների ֆինանսավորման հետ:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքը, ասաց՝ մղումը ճիշտ է, իրենք էլ անընդհատ դժգոհություններ են ստանում, որ որոշ դպրոցներում  չեն ֆինասավորվում դասղեկները:

Սակայն, ըստ նախարարի, պարտադիր վճար սահմանելու պարագայում դպրոցների համար լրացուցիչ խնդիրներ են առաջանալու:

Նախարարությունն առաջարկում է  դպրոցների նոր մշակվող ֆինասավորման բանաձևում ներառել նաև այս հարցը:

Նախագծի հեղինակը քննարկումների արդյունքում որոշում կայացրեց երկու ամսով հետաձգել նախագծի քննարկումը այլ լուծումներ գտնելու նպատակով: