Ի՞նչ են գնում ամենից շատ․ Գեղամ Գևորգյանը հորդորում է խելամիտ սահմաններում գնումներ անել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որոնք գների ու պաշարների մոնիթորինգով են զբաղվելու։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Գների մոնիթորինգը իրականացնելու համար ՏՄՊՊՀ-ն ՊԵԿ-ից վաճառքների գների հետ կապված ստանում է տեղակատվություն ու տնտեսվարողներից, թե ինչքան են վաճառք ունեցել։ Ըստ Գեղամ Գևորգյանի՝ մոնիթորինգն իրականացվում է խոշոր «խաղացողների» հետ։
«ՏՄՊՊՀ-ն գների առումով տիրապետում է այս պահին շուկայում տիրող իրավիճակին»,- նշեց Գեղամ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է պաշարներին, Գեղամ Գևորգյանն արձանագրում է՝ անհանգստացող երևույթներ չեն նկատվում։
«Միակ խնդիրը օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է, քանի որ մեկ օրվա ընթացքում մեծածավալ գնումներ են կատարվում, ընդ որում՝ երբեմն աբսուրդային քանակի»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
Ըստ նրա՝ Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանիրի, թթվասերի և նման ապրանքների խնդիր չկա։
«Մենք 44 ապրանք ենք մոնիթորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղեն, հիմա ճանապարհին կա նոր բեռ։ Հորդորում եմ մեր քաղաքացիներին խելամիտ սահմաններում գնումներ կատարել, հասկանում ենք նաև, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալ, բայց հավաքվել խանութում ու հերթեր կուտակելը ևս մեծ խնդիր է»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հիշեցնելով, որ պարենային ապրանքներն ունեն ժամկետներ, իսկ շատ գնելու պարագայում հետո դրանք օգտագործման պիտանի լինել չեն կարող։
ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ նաև սպիրտի թանկացմանը։ Գեղամ Գևորգյանը բոլորի ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ 2020թ․-ի հունվարի 1-ից գործող նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 100%-անոց սպիրտի հաշվարկով նվազագույն վաճառքի գինը չի կարող պակաս լինել 6000 դրամը, ներառյալ՝ ԱԱՀ-ն և ակցիազային հարկը։
Գեղամ Գևորգյանն այդպիսով հերքում է բոլոր այն խոսակցությունները, թե սպիրտի թանկացումը կապված է կորոնավիրուսի հետ։ ՏՄՊՊՀ-ն սոցցանցերում տարածված լուսանկարի հետքերով գնացել է։
«Մենք խոշոր առևտրային ցանցերում ամենօրյա մոնիթորինգ ունենք, թե՛ ՊԵԿ-ի ռեժիմով, թե՛ մարդ ունենք, երբ որ մենք նկարեցինք, ու տեսանք, որ սպիրտի գինը 2884 դրամ չէ, մենք խնդրեցինք աղբյուրին, թե ո՞ր խանութում է արված այդ նկարը։ Խնդրում եմ, եթե կա փաստ, նշենք նաև, թե որտեղ է այդ, որ մենք կարողանանք շուտ հայտնաբերել»,- ասաց պարոն Գևորգյանը։
Ըստ Գեղամ Գևորգյանի՝ որոշ ապրանքների գնի աճը կապված է դոլարի արժույթի տատանման հետ։