Դատարանները կփակվե՞ն. հայտարարություն կլինի
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում դիմել է Բարձրագույն դատական խորհրդին։ Նա առաջարկում է ԲԴԽ-ին՝ հորդորել դատարաններին նիստերը հետաձգել, իսկ Քրեակատարողական հիմնարկներից էլ կալանավորներին չտեղափոխել դատարաններ։ «Բոլոր դատական նիստերը պետք է հետաձգվեն առնվազն երկու շաբաթով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք պետք է արտակարգ իրավիճակ հայտարարվի։ Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ նման որոշում կայացնելը կախված է իրավիճակից։
«Ըստ էության, երկիրն անցել է արտակարգ իրավիճակի կառավարման։ Արտակարգ իրավիճակի հայտարարումը, բնականաբար, ավելի խիստ ռեժիմներ է նախատեսում, այս պահին ես ձեռնպահ կմնամ դա ասելուց, բայց, եթե ամեն օր 2, 3 մարդու վերաբերյալ հայտարարություն լինի, որ վարակվել են, այսինքն՝ շարունակվում է տարածվել, դա կարող է անխուսափելի դառնալ»,- ընդգծեց պարոն Մարուքյանը։
Հետաքրքրվեցինք նաև, թե Էջմիածնում կարանտին հայտարարելու անհրաժեշտություն կա՞, քանի որ կորոնավիրուսի գրանցման դեպքերի մեծ մասն այդ քաղաքի բնակիչների մոտ է ախտորոշվել, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․
«Ըստ էության, Էջմիածնում առանց հայտարարելու էլ, դա տեղի է ունենում, որովհետև շատ քիչ մարդիկ են տներից դուրս գալիս, փողոցները ախտահանվում են, այսինքն՝ այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Արտակարգ իրավիճակը կարող է կոնկրետ մեկ տարածքում հայտարարվել, բայց Հայաստանը ֆեդերալ երկիր չէ, ունիտար է, այս առումով հասկանում եմ, որ հիմա արտակարգ իրավիճակ, անգամ Էջմիածնի մասով, չեն հայտարարել, քննարկումներ կա՞ն, թե՞ ոչ, տեղյակ չեմ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե անհրաժեշտություն կա՞, որպեսզի խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրի, որում կքննարկվի իրավիճակը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց՝ չի կարծում, թե դրա կարիքը կա։
«Ազգային ժողովի նիստը նույնպես բազմամարդ հավաք է, նիստն ապահովելու համար ամբողջ աշխատակազմը պետք է աշխատանքի կանչվի, իսկ մենք մեր աշխատողներին հիմա չենք կանչում աշխատանքի, հեռահար աշխատանքի ենք անցել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
«Ա1+»-ը դիմեց նաև Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն, պարզելու, թե դատարանները շարունակելո՞ւ են իրենց աշխատանքները, թե՞ այլ որոշում կա։ Ծառայության պետ Արման Խաչատրյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ ԲԴԽ-ն հայտարարությամբ հանդես կգա։