Բացել լրահոսը Փակել լրահոսը
83318758_530640797570769_6088004880952197120_o
A A
Պաշտոնական

Իրականությունը չափից դուրս պարզ է․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Երևանի կայազորի դատախազության ավագ դատախազ Հարություն Մաշադյանի շուրջ արհեստականորեն կրքերի բորբոքման հերթական փորձն է կատարվում՝ բացարձակ անհիմն և խաղալով դատախազների աստիճանակարգության համակարգից լայն հանրության անտեղյակության վրա:

Իսկ իրականությունը չափից դուրս պարզ է. Հարություն Մաշադյանը Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ էր. պաշտոն, որը գտնվում է դատախազության պաշտոնների դասակարգման ամենացածր մակարդակում։ Այս տարվա փետրվարի 10-ին նա նշանակվել է Երևանի կայազորի դատախազության ավագ դատախազ, որը ևս գտնվում է դասակարգման նույն՝ ստորին սանդղակում:

Ընդ որում՝ Հարություն Մաշադյանը դատախազության համակարգ է ընդգրկվել 2018թ․մարտի 7-ին՝ նշանակվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ, իսկ 2019թ. փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։

Եվ առավել քան օրինաչափ է, որ դատախազը մոտ երկու տարվա աշխատանքային ստաժ ձեռք բերելու պայմաններում, օրենքի տառին լիարժեք համապատասխան, կարող է աստիճանակարգության նույն մակարդակի սահմաններում պաշտոնային նման փոխադրում ունենալ, ընդ որում՝ շարունակելով ունենալ դատախազության տվյալ խմբի պաշտոնին համարժեք ամենացածր՝ երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:

Լուն ուղտ դարձնելու և մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնելու անիմաստ և անհաջող փորձերի փոխարեն «Ժամանակ» թերթի հարգելի գործընկերներին հորդորում եմ ինչ-որ բան գրելուց առաջ նախ պարզել՝ որքանով է իրենց հայտնագործած «սենսացիան» իրավաչափ և որքանով է բխում օրենքից: Կարող եմ անգամ հուշել՝ բացե՛ք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 44-րդ հոդվածները...»։