Օլիմպիական հուշեր․ Դավիթ Թորոսյանի ուշացած հաղթանակը, Բրեժնևի նվիրած բնակարանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տիտղոսակիր բռնցքամարտիկներից Դավիթ Թորոսյանը 44 տարի անց ցավով է հիշում 1976 թվականի Մոնրեալի օլիմպիական խաղերը։ Պատճառն այն է, որ կողմնակալ մրցավարության պատճառով նա զրկվել է ոսկե մեդալի համար պայքարից։
«Այն ժամանակ շատ դժվար էր դառնալ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի անդամ։ Խորհրդային պատվիրակության 500 մասնակիցներից միայն երեք հոգի էինք Հայաստանից՝ ես, ծանրորդ Վարդան Միլիտոսյանը և ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանը։ Ես զբաղեցրի երրորդ տեղը և երկրորդ օլիմպիական մեդալը նվաճեցի հայկական բռնցքամարտի համար։ Սակայն, Այնտեղ ինձ դարձյալ վատ վերաբերվեցին, ինչպես երկու տարի առաջ եղել էր աշխարհի առաջնությունում։
Կիսաեզրափակիչում ինձ կրկին մրցակից բաժին հասավ կուբացի բռնցքամարտիկ։ Երրորդ ռաունդում ես նրան նոկաուտի ենթարկեցի, սակայն մրցավարները հաղթանակ շնորհելու փոխարեն ինձ որակազրկեցին՝ գտնելով, որ հարվածել եմ հասցրել մրցակցի գոտկատեղից ներքև։ ԽՍՀՄ հավաքականի ղեկավարությունը բողոքարկեց մարտը։ Ինքս ներկա էի բողոքարկմանը։ Մեծ էկրանի վրա ցույց տվեցին այդ դրվագի դանդաղեցված կրկնությունը։ Մրցավարները որոշեցին, որ ես հաղթել եմ մարտը, սակայն արդյունքը մնում է նույնը, ուստի ինձ բրոնզե մեդալ է բաժին հասնում», - «Ա+»-ի հետ զրույցում ասաց անվանի մարզիկը։
Ինչպես հիշում է Դավիթ Թորոսյանը, Մոնրեալից վերադառնալուց հետո օլիմպիական մեդալակիրներին Մոսկվայի Կրեմլում անձամբ հյուրընկալել էր առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը։
«Այդ մեդալի համար մեզ նախ մեծ պարգևավճարներ տվեցին։ Երևանում ինձ բնակարան նվիրեցին, բացի այդ առանց հերթագրման ավտոմեքենա գնելու հնարավորություն տվեցին։ Այն ժամանակ պետությունը բարձր աշխատավարձ էր տալիս օլիմպիական մեդալակիրներին։ Ես ամսական ստանում էի 700 ռուբլի»։
Անվանի մարզիկը խոսեց նաև Հայաստանի ներկայիս բռնցքամարտի վիճակի մասին։ Նա ասաց, որ մեր մարզիչները դեռ աշխատում են հին ծրագրերով և մոտեցումներով, այդ իսկ պատճառով չկա առաջընթաց։ Սակայն, Դավիթ Թորոսյանը լավատես է և կարծում է, որ առաջիկայում ի հայտ կգան նոր մտածելակերպ ունեցող երիտասարդ մարզիչներ, և որ նրանք հայկական բռնցքամարտը կհասցնեն նոր բարձունքի։