Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լինարեսում խաղաղություն է

Սպորտ

Իսպանական Լինարեսում սկսվեց շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարը, որին մասնակցում է մեր անվանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:

Երեկ տեղի ունեցան 1-ին տուրի պարտիաները: Լեւոնը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Գրիշչուկի հետ: Ոչ-ոքի արդյունքներ գրանցվեցին նաեւ Վալյեխո (Իսպանիա) - Թոփալով (Բուլղարիա) եւ Գելֆանդ (Իսրայել) - Հաշիմով (Ադրբեջան) պարտիաներում:

Իսկ ահա Մոսկվայում կայացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսն աստիճանաբար մոտենում է եզրագծին:

«C» խմբում գերազանց է ելութ ունենում մեր շախմատիստ Դավիթ Շահինյանը, որը 6 հնարավորից վաստակել է նույնքան միավոր եւ վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող ռուսաստանցի երկու շախմատիստները արդեն ետ են մնում 1-ական միավորով: Լեւոն Քարամյանն ու Աշոտ Ավետիսյանն իրենց ակտիվում ունեն 4,5-ական միավոր, Մարկ Բեսանջյանը` 4, Հենրիխ Փաշայանը` 3,5, Հայկ Գալստյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը` 3-ական:

«А1» խմբում հինգ տուրից հետո արդեն եռիշխանություն է. վիետնամցիներ Ժուան Լիեմ Լինին եւ Նգոկ Տրուոն Սոն Նգուենին, որոնք գլխավորում էին մրցաշարը, միացավ նաեւ ռուսաստանցի Բորիս Գրաչեւը: Նրանք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր: Մեր շախմատիստներն այս տուրում համեմատաբար հաջող հանդես եկան. Արման Փաշիկյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը հաղթեցին իրենց մրցակիցներին, իսկ ահա Հրանտ Մելքումյանն անսպասելի պարտություն կրեց: Հինգ տուրից հետո Արմանը վաստակել է 3,5 միավոր, Գաբրիելը` 3, Հրանտն ու Զավենը` 2,5-ական:

6-րդ տուրում Արման Փաշիկյանը սեւերով կմրցի ֆիլիպինցի Վեսլի Սոի հետ, որը այս տուրում հաղթեց հենց Հրանտին: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա չինացի Ժանչաո Ժուի հետ, իսկ Զավեն Անդրիասյանն ու Հրանտ Մելքումյանը սեւերով կմրցեն համապատասխանաբար Էլթայ Սաֆարլիի (Ադրբեջան) եւ Էդուարդո Իտուրիսագայի (Վենեսուելա) հետ:

«А2» խմբում հանդես եկող Դավիթ Գ. Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը 5-րդ տուրում հաղթանակ տարան եւ այժմ 3 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի միջնամասում:

«B» խմբում իր առաջին պարտությունը կրեց Տիգրան Սիմոնյանը, որը 6-րդ տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ արդեն հայտնվել է առաջատարներին հետապնդողի դերում: Մեր երկրորդ շախմատիստը` Դավիթ Գրիգորյանը, այս տուրում, հակառակը, առաջին հաղթանակը տարավ եւ այժմ իր ակտիվում ունի 1,5 միավորով (5 հնարավորից):