Բացել լրահոսը Փակել լրահոսը
ay-qez-ban-arcaxi-naxkin-mip-r-n142757-1
A A
Քաղաքականություն

Երեք խնդրահարույց խախտում ՝ ըստ «Ոչի»

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմը ակտիվ քարոզարշավ չի անում։ Նույնիսկ այս պահին հեռուստահրավերներից հրաժարվում են։ «Ոչ» -ի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրենք ստանձնել են վերահսկողական գործառույթ, և փորձում են պատշաճ իրականացնել ու արձագանքել այն բոլոր խախտումներին ու խնդրահարույց իրավիճակներին, որոնք տեղի կունենան քարոզարշավի ընթացքում։

«Մենք իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ ենք, որը դիմել և ստանձնել է «Ոչ» քարոզչական կողմի պաշտոնական կարգավիճակը, բացառապես այն պատճառով, որ քաղաքական ուժերը հրաժարվեցին ստանձնել «Ոչ» քարոզչական կողմի կարգավիճակը այս հակասահմանադրական հանրաքվեում։ Մեզ համար անընդունելի էր, որ մեր երկրում գործընթաց ընթանա, որը չունենա երկու կողմ»,- նշեց նա։

Այս փուլում «Ոչ» կողմը զբաղվում է հանձնաժողովներում անդամներ նշանակելու և վստահված անձանց կազմի համալրման գործընթացով։
Փետրվարի 17-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում, ըստ Ռուբեն Մելիքյանի, գրանցվել են 3 խնդրահարույց խախտումներ։

Առաջինը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաքից հետո հայտարարությունն է, թե հավաքված գումարը կուսակցության կարիքները հոգալու համար կօգտագործվեն։ Դրամահավաքին ՔՊ-ն հավաքել էր 205 մլն 560 հազար դրամ, որից միայն 100 մլնն է օրենքով նախատեսված քարոզարշավի ծախսերը հոգալու համար։

Պարոն Մելիքյանը հիշեցնում է, որ ըստ օրենքի՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

«Մենք շարունակում ենք պնդել, որ այստեղ տեղի է ունեցել օրենքի շրջանցում և դրամահավաքը պետք է բացառապես ուղղված լիներ հայտարարված նպատակին, իսկ ավել հավաքված գումարը պետք է վերադարձվեր պետական բյուջե»,- ասաց պարոն Մելիքյանը։

Երկրորդ խախտումը, ըստ նրա, Ազգային ժողովում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, «Այո»-ի շտապի պետ ելույթն էր։

«Ի պաշտոնե գործող նախարարը ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ փաստացի իրականացրեց «Այո»-ի քարոզչություն, հետո էլ փորձեցին դա հիմնավորել, որ ժամը 18։00-ից հետո է ելույթն արել, հաշվի չառնելով, որ արգելքը ժամին չի վերաբերում, այլ ի պաշտոնե գործելուն։ Այդ պահին Սուրեն Պապիկյանը նախարարի կարգավիճակով էր, ոչ թե քաղաքացու»,- նշեց Ռուբեն Մելիքյանը։

Նա պնդում է՝ երրորդ խախտումը Նիկոլ Փաշինյանի՝ պետական ուղղաթիռով Սյունիքի մարզի Ագարակ քաղաք մեկնելն էր։ Ռուբեն Մելիքյանը վարչապետի պարզաբանմանը ծանոթ է, բայց իր մոտեցումը չի փոխել։

«Այո, վարչապետը պետական պահպանության իրավունք ու պարտականություն ունի, անգամ արձակուրդի պայմաններում։ Ավելին՝ համապատասխան մարմինները պարտավոր են այս շրջանում իրենց գործառույթներն իրականացնել, որովհետև քարոզչության շրջան է, վարչապետը քաղաքացիների հետ շատ է շփվելու, դա ոչ մեկ չի վիճարկում, բայց դա ի՞նչ կապ ունի ուղղաթիռի որպես մենաշնորհային փոխադրամիջոց օգտագործելու հետ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը, շեշտելով, որ պետական ռեսուրսը չի կարող օգտագործվել քարոզարշավի ընթացքում, միակ բացառությունը անվտանգության նկատառումներն են։

Մեր հարցին, թե այս դեպքը անվտանգության նկատառումներից չէ՞ր բխում, Ռուբեն Մելիքյանը բացասական պատասխան տվեց․ 

«Այստեղ վկայակոչվում է անվտանգությունը, բայց մենք ասում ենք՝ իսկ արդյո՞ք հնարավոր չէր անվտանգությունը ապահովել ոչ մենաշնորհային փոխադրամիջոցով, այլ այն փոխադրամիջոցով, որի հնարավորությունը բոլորն ունեն՝ ավտոմեքենան։ Այսինքն՝ անվտանգության վկայակոչությունը չի աշխատում, որովհետև նպատակը անվտանգությունը չէր, այլ ժամանակի խնայողությունն էր։ Ես չեմ ասում՝ ուղղաթիռը ճոխություն է, այլ ժամանակի խնայողություն է, ընդ որում՝ այնպիսի խնայողություն, որի հնարավորությունը «Ոչ» քարոզչական կողմը չուներ և սրանով խախտվել է հավասար հնարավորությունների սկզբունքը»,- ընդգծեց Ռուբեն Մելիքյանը։

«Ոչ» քարոզչական կողմը այլ խախտումների մասին ահազանգեր է ստացել, բայց դրանց մասին Ռուբեն Մելիքյանը մանրամասներ չներկայացրեց՝ պատճառաբանելով, որ երբեմն փաստերը վիճելի են և դրանց մասին չեն բարձրաձայնում։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ «Այո» քարոզչական կողմը ակտիվ քարոզարշավ է իրականացնում, հաշվի առնելով կորոնավիրուսի գործոնը, վտանգավո՞ր է, թե՞ ոչ, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ չի կարող գնահատական տալ։

«Իմ պաշտոնական կարգավիճակն ինձ թույլ չի տալիս հարցին գնահատական տալ, դրա համար ես ձեռնպահ կմնամ։ Սակայն, հույս եմ հայտնում, որ մեզ կհաջողվի խուսափել այդ վիրոսւի տարածումից»,- եզրափակեց նա։