Ճոխություն չէ, փոխադրամիջոց է․ ինչո՞ւ է վարչապետն ուղղաթիռով մեկնել Սյունիք (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍյունիքի մարզի Քաջարան քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ոչ» քարոզչական կողմի հայտարարությանը, թե այսօրվանից ինքն արձակուրդում է, և ՀՀ քաղաքացի Ն.Փաշինյանն ունի՞ իրավունք օգտվելու պետական ուղղաթիռից՝ քարոզարշավի նպատակով հարավային Սյունիք հասնելու համար։
«Նրանք, ովքեր չեն նկատել, ասեմ, որ Մեղրիից այստեղ էլ եմ եկել պետական մեքենայով, ինչո՞ւ, որովհետև չեմ կարող չգալ, ժողովուրդ ջան։ Որովհետև այդ «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն՝ վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։ Հիմա, նույնիսկ եթե ես այստեղից փախչեմ, այս ժողովուրդը իմ հետևից վազելու է, որ բռնի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մատնացույց անելով Պետական պահպանության ծառայության աշխատակիցներին։
Ապա վարչապետը պատմեց, որ մի անգամ ընտանիքով «փախել» էին, և Պետական պահպանության ծառայության աշխատակիցները «բռնել» էին իրենց։
«Ուզում եմ ասել, որ ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց է»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի։
«Ինքը աշխատանքային վիճակում լինելու, իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է թռչի»,- ասաց նա։