Զիջեցին վճռական մրցամարտում
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ տուրում պարտվեց Իրանի ազգային թիմին` 3:4, եւ դուրս մնաց գավաթի համար պայքարից:
Մեր ըմբիշները հաջող սկսեցին իրանցիների հետ մրցամարտը. առաջին գոտեմարտում Ռոման Ամոյանը հաղթանակ տարավ եւ առաջ մղեց իր թիմին: Սակայն հաջորդ երկու գոտեմարտերը մերոնք տանուլ տվեցին: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանի որդին` Արսենը, անչափ լարված պայքարում վերականգնեց հավասարակշռությունը` 2:2: Ցավոք, հաջորդ երկու մենամարտերը մեր ըմբիշները դարձյալ անհաջող անցկացրին եւ արդյունքում տանուլ տվեցին մրցամարտը: Վերջին, 7-րդ գոտեմարտում, մեր ծանր քաշային Յուրի Պատրիկիեւը թեեւ հաղթեց, բայց արդեն ուշ էր կորցրածը վերադարձնելու համար` 3:4:
Այդպիսով, մեր հավաքականն անցած տարվա նման կպայքարի 3-րդ տեղի համար: Իսկ գլխավոր մրցանակը կվիճարկեն Իրանի եւ Թուրքիայի հավաքականները, որոնք հաղթող դարձան իրենց խմբերում: