Դավիթ Շահինյանը միանձնյա առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսի «А1» խմբում հանդես եկող մեր չորս շախմատիստները` Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Զավեն Անդրիասյանը հերթական, 4-րդ տուրում, ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ շարունակում են ետ մնալ առաջատարներից` վիետնամցիներ Ժուան Լիեմ Լինից եւ Նգոկ Տրուոն Սոն Նգուենից, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը իրենց ակտիվում ունեն 2,5-ական միավոր, Գաբրիել Սարգսյանը` 2, Զավեն Անդրիասյանը` 1,5:
5-րդ տուրում Արմանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, իսկ Հրանտը նույնպես սպիտակներով կխաղա ֆիլիպինցի Վեսլի Սոի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ Նադեժդա Կոսինցեւան (Ռուսաստան), Զավեն Անդրիասյանինը` ռուսաստանցի Պավել Մալետինը:
Իր վարկանիշով երկրորդ` «А2» խմբի մրցաշարում, մեր երկու մասնակիցները` Դավիթ Գ. Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը այս տուրում պարտություն կրեցին: Չորս տուրից հետո նրանք վաստակել են 2-ական միավոր:
«B» խմբում վերելքով է հանդես գալիս Տիգրան Սիմոնյանը, որը 5-րդ տուրում տոնեց հերթական հաղթանակը եւ վաստակելով 4 միավոր, այժմ 6 այլ մասնակիցների հետ բաժանում է 1-7-րդ տեղերը: Մեր մյուս շախմատիստը` Դավիթ Գրիգորյանը, այս տուրում ազատ էր մնացել: Նա 0,5 միավորով միայնակ եզրափակում է աղյուսակը:
«C» խմբում շարունակում են տոն տալ Հայաստանի շախմատիստները: 5-րդ տուրից հետո առաջատարն է Դավիթ Շահինյանը, որը նույնքան հաղթանակ է տարել եւ այժմ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան համաքայլ ընթացող Լեւոն Քարամյանն այս տուրում պարտվեց հենց Դավիթին եւ նահանջեց 3-րդ հորիզոնական: Լեւոնից 0,5 միավորով ետ են մնում Մարկ Բեսանջյանը, Աշոտ Ավետիսյանը, Հենրիխ Փաշայանը, 1 միավորով` Հայկ Գալստյանն ու Տիգրան Կ. Հարությունյանը: