Բացել լրահոսը Փակել լրահոսը
b7c2bb844c670f1555d9797fb3161dce
A A
Հասարակություն

Սպանել է, հետո հրազենը նետել Ողջի գետը. կասկածյալը ձերբակալված է

Մարտի 8-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի օպերատիվ խմբերը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Միհրան Ջավադյանն էր:

Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկել Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Վարդանյանին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Ջավադյանի և Կ. Վարդանյանի միջև, որի ժամանակ վերջինս հրազենով կրակել և սպանել է Մ. Ջավադյանին:

Արդեն ոստիկանությունում կասկածյալը հայտնել է, որ սպանությունը կատարելուց հետո ինքը հրազենը նետել է Ողջի գետը:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կասկածյալ Կ. Վարդանյանը ձերբակալվել է: