Ուժեղները մի փոքր արգելակեցին
Աջակցիր «Ա1+»-ին«Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսի ուժեղագույնների խմբի («А1») 3-րդ տուրում մեր շախմատիստները 4 հնարավորից վաստակեցին ընդամենը 1,5 միավոր: Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա Զավեն Անդրիասյանը պարտվեց:
Երեք տուրից հետո Արմանն ու Հրանտը վաստակել են 2-ական, Գաբրիելը` 1,5, Զավենը` 1 միավոր: Մրցաշարի միանձնյա առաջատար, վիետնամցի գրոսմայստեր Ժուան Լիեմ Լին իր ակտիվում ունի 3 միավոր:
4-րդ տուրում մեր շախմատիստները կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչների հետ.
Եվգենի Ռոմանով - Արման Փաշիկյան, Վադիմ Զվյագինցեւ - Հրանտ Մելքումյան, Գաբրիել Սարգսյան - Վլադիմիր Բելով, Սերգեյ Յուդին - Զավեն Անդրիասյան:
«А2» խմբի մրցաշարում հանդես եկող Դավիթ Գ. Պետրոսյանն ու Տիգրան Քոթանջյանը երեք տուրից հետո վաստակել են 2-ական միավոր եւ շարունակում են հետապնդել առաջատարներին:
«B» խմբում հաջող է հանդես գալիս Տիգրան Սիմոնյանը, որը 4 հնարավորից վաստակելով 3 միավոր, առաջին տասյակում է: Մեր մյուս շախմատիստը` Դավիթ Գրիգորյանը, կրկին պարտություն կրեց: Նա 0,5 միավորով եզրափակում է աղյուսակը:
«C» խմբում տոն են տալիս Դավիթ Շահինյանն ու Լեւոն Քարամյանը, որոնք չորս տուրից հետո միմիայն հաղթանակներ են տարել եւ միասին գլխավորում են մրցաշարը: Այսօր նրանցից որեւէ մեկը միավոր կկորցնի (միգուցե երկուսն էլ), քանի որ մեր շախմատիստները հանդիպելու միմյանց հետ: Նրանց աստիճանաբար մոտենում է Մարկ Բեսանջյանը, որը հաղթելով հերթական երկու տուրերում` իր ակտիվում ունի 3 միավոր: