Շախմատ, թե՞ լրտեսական խաղեր
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի կինը` Արունան, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ստուգել է Բանակի ակումբի այն դահլիճը, որտեղ նրա ամուսինն այս տարվա ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 12-ը պետք է անցկացնի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ:
Արունա Անանդը, որը աշխարհի չեմպիոնի գործակալն է, մրցամարտի կազմակերպիչներից նախեւառաջ պահանջել է, որպեսզի բեմ տանող մուտքի դռները փակվեն եւ թողնեն միայն մեկը: Երկրորդ պահանջն այն է, որ մրցաբեմը պետք է հատուկ ապակիով տարանջատվի դահլիճից: Անանդները միաժամանակ ցանկանում են, որ մրցախաղի ժամանակ պարտերում մութ լինի, որպեսզի Վիշվանաթանը չտեսնի հանդիսականների դեմքերը (վերջինները հանգիստ կարող են հետեւել մասնակիցներին):
Աշխարհի չեմպիոնի կինը քննարկել է նաեւ հանգստյան սենյակների, զուգարանների, անվտանգության հետ կապված հարցերը: Նա հույս է հայտնել, որ մինչեւ ապրիլի 1-ը մրցամարտի կազկակերպիչները, իսկ դա Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան է, կկատարեն իրենց բոլոր պահանջները: Տիկին Անանդը վերջում պահանջել է Բանակի ակումբի դահլիճի հատակագիծը` տանն ամուսնու հետ ավելի լավ ուսումնասիրելու համար:
Նշենք, որ Անանդն ու Թոփալովը կանցկացնեն 12 պարտիա: Ոչ-ոքիի դեպքում նրանք կանցկացնեն արագ շախմատի երկուական պարտիաներ` այնքան ժամանակ, մինչեւ որ մեկը կհաղթի մյուսին: