Ընդամենը 3 տեղ Հայաստանին
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում, որով եւ սկսեց նախապատրաստվել Եվրոպայի այս տարվա առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 21-30-ը, Մոսկվայում:
Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը այս հավաքին հրավիրել է մոտ երկու տասնյակ բռնցքամարտիկների: Նրանցից երեքը` Եվրոպայի չեմպիոններ Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Էդուարդ Համբարձումյանը (64 կգ) եւ ծանր քաշային Բագրատ Օհանյանը փետրվարի 15-ին կմեկնեն Բուլղարիա, որտեղ կմասնակցեն Յամբոլ քաղաքում անցկացվող միջազգային մրցաշարին:
Ռաֆայել Մեհրաբյանը «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց, որ իրենք պատրաստվում էին ավելի շատ մարզիկներով հանդես գալ այդ մրցումներին, սակայն կազմակերպիչները միայն 3 տեղ են հատկացրել Հայաստանին:
Մեր ուժեղագույն բռնցքամարտիկները քանի դեռ իրենց առաջին ուսհավաքն են անցկացնում Աբովյանում, նրանց ապագա փոխարինողները ներկայումս պայքարում են հանրապետության չեմպիոնի կոչման համար:
Փետրվարի 10-ից Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական (17-18 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի եւ Երեւան քաղաքի 143 մարզիկ: Հանրապետության նոր չեմպիոնների անունները հայտնի կդառնան փետրվարի 14-ին: