Վստահ եմ, որ գործը նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի. Աբովյանի քաղաքապետը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս հողատարածքները, որոնք որ կան, մոտավորապես 20 տարի առաջ, ժամանակին աճուրդային կարգով հատկացումներ են եղել տարբեր բնակիչների։ «Մուլտի գրուպ» կոնցեռնը կանխիկ գումարով կամ փոխանցումով ձեռք բերեց այս հողատարածքներն ու դիմեց քաղաքապետարան բնակելի կառուցապատման ծրագրի հետ կապված», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը։
Ասուլիսն ընթանում էր այն վայրում, որտեղ կառուցապատում էր սկսվել, ինչի կապակցությամբ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով։
Գևորգյանն ասաց, որ երկու անգամ վարչական տույժի են ենթարկել կառուցապատողին. սեփականության իրավունքով պատկանող հողում առանց շինթույլտվության կառուցապատում իրականացնելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու հետ կապված։
Համայանքապետն ասաց, որ վիճարկելի է համայնքային հող դուրս գալու հանգամանքը, և ներկայումս կատարվում են գեոդեզիական (չափագրական) աշխատանքներ։
Անդրադառնալով մեղադրանքին՝ Աբովյանի քաղաքապետն ասաց, որ իր համար անհասկանալի է մեղադրանքում տեղ գտած այն մասը, որ «համայնքի ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնին վարչական տույժ կիրառելը կրել է ձևական բնույթ»։
«Եթե կգտնվի Հայաստանի Հանրապետությունում մի իրավաբան, որը կհիմնավորի կամ կմեկնաբանի, թե ինչ է նշանակում «վարչական տույժ կիրառելու ձևական բնույթը», ես ուղղակի չեմ հասկանում։ Որովհետև կարող է գալ ժամանակ, որ պարզվի, որ նույն դատախազության կողմից կամ քննչական մարմինների կողմից հարուցված քրեական գործը կրել է ձևական բնույթ։ Ըստ էության վարույթ է իրականացվել և՛ օրենքը, և՛ օրենսգիրքն ասում են, որ նման դեպքերում դու պետք է գնաս և վարչական տույժ կիրառես. 200 հազար դրամ մի դեպքում, 400 հազար դրամ մի դեպքում և տաս կասեցում, ինչը մեր կողմից կա», - շարունակեց նա։
Խոսելով իրեն առաջադրված մեղադրական հոդվածի մասին՝ քաղաքապետը նշեց, որ մի դեպքում համայնքի ղեկավարի կամ պաշտոնատար անձի կողմից պետք է լինի դիտավորություն, ինչը բացառեց՝ նշելով, որ կառուցապատող ընկերությանը երկու անգամ վարչական տույժի են ենթարկել, և կասեցրել շինարարությունը։
«Եվ որ շատ ավելի կարևոր է. պետք է լինի համայնքին տրված վնաս, այսինքն՝ կառուցապատողն իր գործունեությամբ կամ համայնքի ղեկավարն իր անգործությամբ համայնքին պատճառել է վնաս։ Մի պահ վերցնենք, եթե նույնիսկ այդտեղ կառուցված շինություններն ինքնակամով կառուցված շենք-շինություններ են։ Այսինքն՝ տվյալ դեպքում համայնքի ղեկավարն ի՞նչ գործառույթներ ունի. կա՛մ պետք է դիմի դատարան, քանդման որոշմամբ քանդել շենք-շինությունները, կա՛մ պետք է ինքնակամի օրինականում տալ։ Մենք որոշեցինք չքանդել. ինչի՞ համար, որովհետև ինքը ծրագիրը լավն է և մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի կյանքի կոչումը Աբովյան համայնքում», - շեշտեց Վահագն Գևորգյանը։
Վերջինս իր և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններն աշխատանքային բնութագրեց։
Հարցին, թե արդյո՞ք այս գործը կապում է Սահմանադրական հանրաքվեի «Այո» և «Ոչ» քարոզարշավին հետ, Գևորգյանը պատասխանեց, որ չի ուզում այս ամեն ինչին քաղաքական ենթատեքստ հաղորդել։
«Ես կարծում եմ, որ սա թյուրիմացության արդյունք է։ Վստահ եմ, որ գործը նույնիսկ դատաքննության փուլ չի մտնի։ Թյուրիմացութան արդյունք է, և կճշտվի ամեն ինչ», - ընդգծեց նա։
Հարցին, թե որպես իրավաբան հանրաքվեն օրինակա՞ն է համարում և դիտարկմանը, թե մասնագիտությամբ իրավաբա՞ն է, պատասխանեց. «Բայց քրեական իրավունքի մասնագետ եմ, սահմանադրական իրավունքի տեսության մասնագետ չեմ»։
Աբովյանի քաղաքապետն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում և պատրաստվում է որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը բողոքարկել։
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելը, բավարարվել է միայն ընկերությանը 400 000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելով:
Աբովյանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։