Մինչև այսօր մենք ունենք դատական իշխանության հետ կապված լուրջ խնդիրներ․ Հասմիկ Հարությունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մոտ 20 տարվա արդյունքում օրենսդրական մակարդակով դատական իշխանության առնչությամբ իրականացված բոլոր փոփոխությունները, կարծես, այդպես արհեստական բնույթ կրելով, իհարկե իրականացվել են, սակայն պրակտիկայում որևէ փոփոխություն չի արձանագրվել։ Եվ մինչև այսօր մենք ունենք դատական իշխանության հետ կապված լուրջ խնդիրներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Իրավաբանի խոսքերով՝ ներկայումս էլ ընթանում են դատական օրենսգրքի փոփոխություններ, որոնք մակերեսային են, ճիշտ թիրախավորված չեն, և կարճ ժամանակ հետո կրկին արձանագրվելու է, որ «ճիշտ է, տեղի ունեցան փոփոխություններ, սակայն դրանք վերջնական արդյունքում ունակ չէին լուծել այն խնդիրները, որոնք որ կային»։
Փոփոխությունները դատական համակարգում, ըստ Հարությունյանի, պետք է լինեն նաև մշակութային, որտեղ գործադիր և օրենսդիր իշխանություններից եղած կախվածությունը, միմյանց հետ փոխկապակցվածության հարցը, ազդելու, ճնշումների ենթարկելու մշակույթը, պրակտիկան պետք է վերանան։
Իրավապաշտպանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը կարելի էր լուծել օրենսդրական փոփոխություններով, նույնիսկ հանրաքվեի անհրաժեշտություն չէր լինի։
«Եթե դատական իշխանության մեջ լինի դրված և՛ օրենսդրական, և՛ պրակտիկ մակարդակում ամբողջությամբ անկախության մշակույթը, Ձեր բարձրացրած հարցը, ինձ թվում է, ամբողջությամբ ապահովված կլինի»,- դատական իշխանության անկախության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ եզրափակեց իրավաբանը։
Մանրամասները տեսանյութում