Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի առջեւ (տեսանյութ)

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդներին դեկտեմբերի 25-ից արգելվել է ավտոբուսները կայանել Հանրապետության հրապարակի տարածքում: Նրանք այսօր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ։   Նրանց պնդմամբ ՝ գրեթե երկու ամիս չաշխատելու պատճառով իրենք նաև ֆինանսական կորուստներ են կրել:  10 տարի շարունակ ավտոբուսները կայանել են հրապարակի տարածքում:

Ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց տրամադրել կայանատեղիներ, որոնք չեն խանգարի երթևեկությանը ։ Վարորդները պատրաստակամ են նաև վճարել հարկեր։

 «Մեզ չեն կարող առաջարկել այնպիսի վայր, որ հարմար չէ: Մեզ ասում են՝ այստեղ չի կարելի կայանել, որովհետև  խաչմերուկ է համարվում, բայց էստեղ ոչ մի խաչմերուկ չկա, մեր առաջարկն այն է, որ մեկ գծով միայն տուրիստական մեքենաները կանգնեն»,- նշում է վարորդներից  մեկը։

Ակցիայի մասնակիցներին  հանդիպեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։ Նա նշեց՝ իրենք հիմա քննարկում են այն հարցը, թե քաղաքում որտեղ պետք է  կայանմանը հարմար տեղեր սահմանեն տուրիստական միկրոավտոբուսների համար։

Խոսքը Երևանի փոքր կենտրոնի մասին է, ինչպես նաև քննարկվել են Սախարովի և Շահումյանի հրապարակների տարբերակները։

Սակայն վարորդները պնդում են, որ այդ տարածքներում զբոսաշրջիկների հոսք չկա, և իրենք չեն պատրաստվում գնալ այնտեղ։

Զբոսաշրջիկների հոսքը կարող է լինի կառավարության մուտքի մոտ, ի՞նչ է, պե՞տք է տանեք այդտեղ կանգնեցնեք տուրիստական ավտոբուսները,- ասաց Էդգար Գալստյանը։

Տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը ասաց, որ օրվա վերջում հարցի լուծման տարբերակներ կառաջարկեն  ակցիայի մասնակիցներին։