Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք առաջատարների թվում

Սպորտ

Մոսկվայում ընթացող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային տոնահանդեսում մեր շախմատիստներից բոլորից լավ հանդես են գալիս Արման Փաշիկյանն ու Հրանտ Մելքումյանը:

«А1» խմբի մրցաշարի 2-րդ տուրում Արմանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մոտիլեւի (Ռուսաստան) հետ, իսկ Հրանտը սեւերով հաղթեց Ալեքսեյ Դրեեւին (Ռուսաստան): Նրանք վաստակել են 1,5-ական միավոր եւ եւս 30 շախմատիստների հետ բաժանում են 3-32-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանն իրենց ակտիվում ունեն 1-ական միավոր:

Այսօր Արման Փաշիկյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակցի` Սերգեյ Գրիգորյանցի հետ, Հրանտ Մելքումյանը` ռուսաստանցի Եվգենիի Բարեեւի հետ: Գաբրիել Սարգսյանի եւ Զավեն Անդրիասյանի մրցակիցները կլինեն համապատասխանաբար Անտոն Շոմոեւը (Ռուսաստան) եւ Յան Նեպոմյաշչին (Ռուսաստան):

«А2» խմբի մրցաշարում առաջատարների խմբում է գտնվում Դավիթ Գ. Պետրոսյանը, որը երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր: Նրանից կես միավոր քիչ է հավաքել Տիգրան Քոթանջյանը:

«B» խմբում արդեն անցկացրել են 3 տուր: Մեր մասնակից Տիգրան Սիմոնյանը 2,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում, իսկ ահա Դավիթ Գրիգորյանն անհաջող է հանդես գալիս եւ 0,5 միավորով գտնվում է վերջին հորիզոնականներում:

«C» խմբում հանդես եկող մեր 7 շախմատիստներից երկուսը` Դավիթ Շահինյանն ու Լեւոն Քարամյանը ցույց են տվել 100 տոկոսանոց արդյունք եւ առաջատարների մեջ են գտնվում: