Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ohanyan Seyran2
A A
Պաշտոնական

Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել  առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու կասկածանքով. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք` առանձնապես խոշոր չափերի` 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և 16.12.2010թ.-ին ընդունված որոշման հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:

Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: