Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն-Սաֆրաստյան-մեդիալաբ
A A
Քաղաքականություն

Թուրքիան հույս ունի ավելի մեծ ազդեցություն ունենալ Սիրիայում քաղաքական զարգացումների վրա․ արևելագետ

Սիրիան երկու խոշոր տարածաշրջանային կենտրոնների՝ Ռուսաստանի և Թուրքիայի համար դարձել է պայքարի վայր Մերձավոր Արևելքում իրենց դիրքերն ուժեղացնելու համար:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այդ մասին վկայում են վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումները, իրավիճակի սրումը:

 «Թուրքական զորամիավորումները, Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող խմբավորումները, հիմնականում ջիհադիստական ծայրահեղականներն անցել են հարձակման, և վերջին մեկ օրվա ընթացքում դա կարծես նրանց հաջողություն է բերել: Հաղորդումներ կան, որ նրանք մեծ թվով զենք-զինամթերք և զինյալներ են ոչնչացրել Սիրիական բանակից, և ետ է վերցվել մոտ 20 բնակավայր՝ այն տարածքների մի մասը, որոնք ազատագրել էր սիրիական բանակը վերջին օրերին թուրքամետ այդ զինյալներից»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա ընգծում է՝  ռուսական օդուժը վերջին օրերին  օժանդակություն չի  ցուցաբերում սիրիական բանակին, և այս է պատճառը, որ Թուրքիան,  օգտագործելով իր  հրետանին և դրոնները,  կարողացել է հաջողությունների հասնել։

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ վիճակը քաոսային է, և առաջիկա մի քանի օրերին այն կշարունակվի, մինչև ի հայտ կգան նոր միտումներ։

«Ինչո՞ւ հենց Իդլիբի նահանգում, որովհետև սա վերջին խոշոր տարածաշրջանն է, որը դուրս է  Սիրիայի օրինական կառավարության հսկողությունից։ Եվ Թուրքիան իսկապես շահագրգռված է , որ իր հսկողության տակ գտնվող այդ ծայրահեղական, ահաբեկչական խմբավորումների միջոցով պահի այդ տարածաշրջանը իր հսկողության տակ»,- նշում է նա։

Ըստ արևելագետի՝ Թուրքիան հույս ունի մոտ ապագայում ավելի մեծ  ազդեցություն ունենալ Սիրիայում քաղաքական զարգացումների վրա։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, մինչ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը, որը հավանաբար տեղի  կունենա մարտի 5-ին,  կողմերը կփորձեն Իդլիբում ինչ-որ գործողությունների գնալ՝ բանակցություններին ավելի ուժեղ դիրքերով ներկայանալու համար:

« Նախանշաններ կան, որ  երկու կողմերն էլ պատրաստվում են գնալ որոշակի զիջումների, որովհետև երկուսն էլ ունեն աշխարհաքաղաքական ընդհանուր շահեր»,-  նշում է նա։