Արոնյանը կխաղա Սերվանտեսի թատրոնում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը այս տարի էլ կմասնակցի իսպանական Լինարես քաղաքում անցկացվող շախմատի հեղինակավոր միջազգային մրցաշարին:
Մրցաշարի կազմակերպիչներն այս անգամ հրավիրել են 6 գրոսմայստերների: Դրանք են աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, բուլղարացի Վեսելին Թոփալովը, Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը, ադրբեջանցի Վուգար Հաշիմովը, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, Իսպանիայի ուժեղագույն շախմատիստ Ֆրանցիսկո Վալյեխոն եւ մեր Լեւոն Արոնյանը:
Մրցաշարը, որը կանցկացվի երկու շրջանով, տեղի կունենա Սերվանտեսի անվան թատրոնում: Փետրվարի 12-ին կկայանա մասնակիցների վիճակահանությունը, իսկ հաջորդ օրը կանցկացվեն 1-ին տուրի պարտիանները: Փետրվարի 17-ին եւ 22-ին շախմատիստներին հանգիստ կտրվի: Վերջին` 10-րդ տուրը, տեղի կունենա փետրվարի 24-ին:
Հարկ է նշել, որ Լինարեսի մրցաշարին հաճախ անվանում են «աշխարհի գործող եւ ապագա չեմպիոնների» մրցումներ, քանի որ տարբեր տարիներին հաղթող են դարձել կամ գործող չեմպիոնները, կամ էլ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդները: Լինարեսի 26-ամյա պատմության մեջ բոլորից հաճախ հաղթող է դարձել Գարի Կասպարովը` 9 անգամ: Բոլորից շատ պարտիաներ անցկացրել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկը` 191, հաղթանակ տարել Գարի Կասպարովը` 66: Իսկ ահա վաստակած միավորների միջին ցուցանիշով լավագույնը Վիկտոր Կորչնոյն է` 50 տոկոս:
Մեր շախմատիստներից նախկինում մասնակցել են Լեւոն Արոնյանը (անցկացրել է 56 պարտիա, տարել է 12 հաղթանակ, ոչ-ոքի խաղացել 35-ում, կրել 9 պարտություն), Վլադիմիր Հակոբյանը (13+1=6-6) եւ Ռաֆայել Վահանյանը (11+1=6-4): Նրանցից առավել հաջող հանդես է եկել Լեւոն Արոնյանը, որը 2006 թվականի հաղթողն է:
Նշենք, որ 2009 թ մրցաշարին մասնակցեցին 8 գրոսմայստերներ, այդ թվում Լեւոն Արոնյանը: 14 հնարավորից վաստակելով 8-ական միավոր, հաղթող ճանաչվեցին
Վասիլի Իվանչուկն ու Ալեքսանդր Գրիշչուկը: Լեւոն Արոնյանը 6,5 միավորով ադրբեջանացի Ռաջաբովի եւ չինացի Վան Յուի հետ բաժանեց 5-7-րդ տեղերը: