Թող Աստված ների մեզ ու մեր ժողովրդին մարտի 1-ի համար և պահի ու պահպանի Հայաստանը․ Արամ Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մարտի 1-ը ինձ համար Աշտարակի ձորի ջրաղացի բակում գարնան առաջին օր տոնելու եղբորս հաստատած ավանդույթն էր, որ 2008-ից հետո վերածվեց սգի, անարդարության և կորուստների խորհրդանիշի։ Հայ ժողովուրդը կորցրեց իր պայքարող ու արժանապատիվ 10 զավակների։
Փառք ու պատիվ իրենց, և թող լույս իջնի իրենց շիրիմներին։ <<Հանրապետություն>>կուսակցության 500 անդամ ու համակիր դատապարտվեցին տարբեր մեղադրանքներով, 2000 և ավելի անդամներ՝ ընդդիմադիր հայացքների համար հետապնդման ենթարկվեցին, և աշխատելու հնարավորություն չունենալու ու սեփական երկրում մերժված լինելու հետևանքով, լքեցին հայրենիքը ու ցրվեցին աշխարհով մեկ։
Մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության պատմության ամոթալի էջերից է, երբ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, ու դատվելը չէ այն պատիժը, որ իրենք կրելու են, այլ մարդկանց հիշողությունը և ապագա սերունդների արհամարհանքը, որ հոմանիշ է լինելու իրենց անուն-ազգանուններին։
Թող Աստված ների մեզ ու մեր ժողովրդին մարտի 1-ի համար և պահի ու պահպանի Հայաստանը»։