Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերման մասին. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն։ Նրա կինը նույնպես որևէ սիպտոմ չունի։ Կնոջ մոտ նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական։ Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ այսօր հրավիրված ասուլիսին։
Թե ինչո՞ւ ամբողջությամբ չի փակվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանը, նախարարն ասաց, որ նույնիսկ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը չի կարող սահմանափակվել Հայաստան։
«Ոչ միայն օրենքներով, այլև մարդասիրության և հայրենքի կողմից հոգածության սկզբունքներով դա չի կարող արվել։ Սակայն ունենալով ինֆորմացիա, թե քանի քաղաքացի է ցանկացել վերադառնալ Հայաստան, փաստորեն ռեգուլյար ավիափոխադրումներ կազմակերպող ավիաընկերությունը կազմակերպեց երկու չվերթ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին, որոնց սկզբնական փուլից սկսած, այսինքն՝ Թեհրանից ուղեկցում էր Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի մեր աշխատակիցը՝ տեղում կատարելով զննումներ, բոլորին հատկացնելով պաշտպանիչ դիմակներ։ Նույնը տեղի է ունեցել Երևանում, և որևէ մեկը, չունենալով գանգատ, գնացել են իրենց տուն»,- ասաց նա։
Թե ինչու նրանց համար կարանտին չի հայտարարվել, Առողջապահության նախարարն ասաց, որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է։
«Որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից։ Այսինքն՝ այն ինչ տեղի է ունեցել երեկ, դա կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է։ Հենց այդպես էլ պետք է լիներ»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը։ Նախարարի ներկայացմամբ՝ Իրանից Հայաստան եկած ուղևորները Հայասատնում օդանավակայանից առանձին ուղով են դուրս եկել։
«Նրանք պրակտիկորեն որևէ մեկի հետ չեն շփվել և վտանգ շատ քիչ են ներկայացել իրենց կողքի մարդկանց համար։ Սակայն, միջազգային ռեկոմենդացիաների համաձայն՝ եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված անձ, անկախ նրանում եղած հիվանդության ծանրությունից, խորհուրդ է տրվում իրենից 2 շարք առաջ, 2 շարք հետ, և իր շարքը մեկուսացնել 14 օրով, ինչը այս պահին կատարվում է և արդեն ավարտական փուլում է»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանը հավելեց նաև․ «Մեկուսացվել են ուղևորին և կնոջը տուն տարած քաղաքացին և նրանց հետ եղած անձինք, որոնք տաքսի չեն։ Վարչապետի գիշերվա գրառումը հիմնված է եղել իմ տված տեղեկատվության վրա, որը ամբողջական չէր։ ԱԱԾ-ն մի քանի ժամվա ընթացքում պարզեց տեղափոխման հանգամանքները»։
Ի դեպ, ըստ Արսեն Թորոսյանի, կորոնավիրուսով վարակված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել շտապ օգնության մեքենայով, որի անձնակազմը նույնպես մեկուսացվում է։