Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կրկեսն ապրելակերպ է․ «Գրանդ Մանեժ»-ի արտիստները Հայաստանում են (տեսանյութ)

Կրկեսը՝ ղրղզ Ավասի համար ապրելակերպ է։ Նա «Գրանդ Մանեժ» մոսկովյան շապիտոյի լարախաղաց-ակրոբատների խմբից է, կրկես է եկել մեծ սպորտից։ Ակրոբատիկ հնարքները ստեղծվում են խմբի ավագի մտահղացմամբ։ «Բարդ, ռիսկային մասնագիտություն է, - ասում է Ավասը,- սակայն ինձ  դուր է գալիս»։ Նա, ինչպես նաև «Գրանդ Մանեժ»-ի կրկեսային արտիստների մեծ մասը Հայաստանում առաջին անգամ են ։ 

Օդային մարմնամարզիկներ Ռոստիսլավն ու Աննան Ուկրաինայից են։

«Հանդիսատեսի համար, կրկեսի գմբեթի տակ ճախրող համարներն, ինչ խոսք, ռոմանտիկ են, սակայն շատ ռիսկային են, և յուրաքանչյուր ելույթի ժամանակ մենք նույնքան լարված ենք, ինչպես առաջին անգամ»,- ասում է Ռոստիսլավը։ Ի դեպ, օդային մարմնամարզիկների խոսքով, կրկեսային այս ժանրով զբաղվել ցանկացողներն այսօր շատ չեն։ Զույգը նախընտրում է շապիտոն, քանի որ ստացիոնար կրկեսը շրջագայելու նման հնարավորություն չի ընձեռում։

Մոսկովյան «Գրանդ Մանեժը» Հայաստանում է առաջին անգամ։ Շապիտոյի տնօրեն Սոֆյա Մինասյանը վստահ է, որ հանդիսատեսը սիրով կգա ներկայացումները դիտելու, քանի որ տարիներ շարունակ կրկես չունենալով՝ կարոտած կլինի։ Հուսով է, որ շապիտոն Հայաստանում կմնա մինչև հունիս։ 

Ծրագրում են գնալ նաև Արցախ և մարզեր։ Նրա խոսքով, բազմազան համարներով են ներկայանալու։ Ակրոբատներ, օդային մարմնամարզիկներ, էկվիլիբրիստներ, ձեռնածուներ և ծաղրածուներ։ Ինչ վերաբերում է կենդանիների հետ համարներին, առայժմ որոշել են ձեռնպահ մնալ, կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված։ «Մեր կենդանիներին սահմանից հետ ենք վերադարձրել։ Երբ իրավիճակը հանգստանա, կենդանիներին կբերենք»,-ասում է Սոֆյան և վստահեցնում, որ հիմքը դրել են էքստրեմալ համարների վրա։

Փետրվարի 29-ին Շապիտոյի արտիստների առաջին ելույթն է, որից հետո ներկայացումները կլինեն յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։