Օլիմպիական չեմպիոնը զգուշանում է
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալաքյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին չնայած բարձր գնահատեց իր սաների ներկայիս մարզավիճակը, սակայն չխոստացավ մեդալներ բերել առաջիկայում Երեւանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից:
«Հավաքականի կազմը մենք ձեւավորեցինք Հայաստանի առաջնության ավարտից հետո: Հունվարի 27-ից սկսած թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում: Հավաքականն այժմ նորմալ մարզավիճակում է գտնվում, բոլորը մարտականորեն են տրամադրված: Մնում է, որ մրցումների օրը տղաները ցույց տան իրենց բոլոր կարողությունները, իսկ մարզասերները գան Մարզահամերգային համալիր եւ աջակցեն նրանց»,- ասաց նա:
Խոսելով հավաքականի առջեւ դրված առաջադրանքի մասին` օլիմպիական խաղերի չեմպիոնը ասաց, որ ինքը չի սիրում նախապես գուշակություններ անել եւ խոստումներ տալ:
«Մենք բոլոր մրցումներում էլ բարձր խնդիրներ ենք դնում մեր ըմբիշների առջեւ: Բայց գավաթի խաղարկությունը թիմային մրցաշար է եւ հաջողության հասնելու համար հարկավոր է, որպեսզի լավ հանդես գան հավաքականի բոլոր անդամները,- ասաց նա,- Երեւանում հանդես եկող բոլոր հավաքականներն էլ բավական ուժեղ են եւ մեծ ավանդույթներ ունեցող թիմեր են, ուստի խոստանալ, որ ամպայման կզբաղեցնենք մրցանակային տեղերից մեկը, ճիշտ չեմ համարում»:
Լեւոն Ջուլֆալաքյանը արդեն կողմնորոշվել է, թե ովքեր հանդես կգան հիմնական կազմում, իսկ ովքեր անհրաժեշտության դեպքում կփոխարինեն նրանց. «Այնուամենայնիվ, թիմի կազմերը մենք կորոշենք անմիջապես մրցախաղերից առաջ, երբ հայտնի կդառնան իրական մրցակիցները»:
Ի դեպ, մինչ մեր հավաքականի գլխավոր մարզիչը «Անի Պլազա» հյուրանոցի մամլո սրահում պատասխանում էր լրագրողների հարցերին, հարեւան ռեստորանում ճաշում էր Կուբայի թիմը, որն առաջինն է ժամանել Երեւան: Տեղում կազմակերպված լրագրողական հետաքննությունից պարզվեց, որ կուբացիների կազմում բացակայում է Պեկինի օլիմպիական խաղերի եւ աշխարհի վերջին առաջնության չեմպիոն, ծանրքաշային Միխային Նունյես-Լոպեսը: