«Փյունիկը» ֆուտբոլիստներ չի փորձարկի
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եւ փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» այսօր երեկոյան նույն ինքնաթիռով կմեկնեն Կիպրոս, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Սակայն ակումբների մամուլի կենտրոններից տեղեկացանք, որ Աֆրոդիտեի կղզում թիմերը կբաժանվեն եւ կհանգրվանեն տարբեր քաղաքներում:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքին ընդգրկել է ընդամենը 19 ֆուտբոլիստ, որոնցից միայն Արգին Նազարյանն է նորեկ, մնացածը թիմի սաներն ու հնաբնակներն են: Ինչ վերաբերում է Սոչիի հավաքին մասնակցած արտասահմանցի 4 ֆուտբոլիստներին, ապա ակումբի ղեկավարությունը հրաժարվել է բոլորի ծառայություններից: Կիպրոսում մեր չեմպիոնը մտադիր չէ փորձարկել նոր խաղացողների:
Հավաքի ժամանակ փյունիկցիները նախատեսել են անցկացնել 4 ստուգողական հանդիպում, այդ թվում խորհրդային տարիներից հայ ֆուտբոլասերներին քաջ ծանոթ Մինսկի «Դինամոյի» հետ:
«Միկան» Կիպրոս կմեկնի երկու լիարժեք կազմով` 22 խաղացողով: Հանրապետության փոխչեմպիոնը հրաժարվել է «Փյունիկի» ֆուտբոլիստ Հայկ Չիլինգարյանից, որը փորձաշրջան էր անցնում, բայց միաժամանակ մեկ տարվա պայմանագիր է կնքել թիմի մյուս նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ժունիոր Էդիլսոնի հետ: Կիպրոսում միկացիներին կմիանա մեկ հարձակվող մերձբալթիկայից, որը փորձաշրջան կանցնի թիմի կազմում:
Ինչպես տեղեկացանք ակումբի մամուլի կենտրոնից, «Միկան» Կիպրոսում նույնպես կանցկացնի 4 ստուգողական հանդիպում` փետրվարի 11, 15, 18 եւ 22-ին: Մեր թիմը ուժերը կչափի Կիեւի «Դինամոյի» 2-րդ կազմի, Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի», լեհական «Շլյոնսկի» եւ տեղի թիմերից մեկի հետ:
«Փյունիկն» ու «Միկան» միասին Հայաստան կվերադառնան փետրվարի 23-ին: