Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ժամացույցի զարկերը»՝ տարբեր բեմերում, տարբեր թատերախմբերով (տեսանյութ)

Երեւանի տարբեր թատրոններից ընդգրկված ավագ և նոր սերնդի դերասաններ տարբեր բեմերում տարբեր արտիստական խմբերով կներկայացնեն Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» պիեսը։ Ներկայացումը կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Սա, կարելի է ասել շրջիկ թատրոնի ձևաչափ է, «թատերական միգրացիա»։ Այսօր, երբ «վերանում» են սահմանները, մասնավորապես մշակութային, թատերական «աղանդավորական սահմանները» ևս պետք է վերանան», - ասում է գաղափարի հեղինակ, Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և հավելում, որ ստեղծագործողի համար ամենասարսափելին կայուն վիճակն է, որը «ոչ այլ ինչ է, քան լճացում»։

Ռուբեն Բաբայանը նշեց նաև, որ Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ բեմադրված այս ներկայացումը, ինչու ոչ, նաև հարգանքի տուրք է մեր ավագ սերնդի դերասաններին կենդանության օրոք։

«Ճիշտն ասած չեմ հասկանում, ինչ է նշանակում ավագ սերունդ, ջահել սերունդ։ Այնպիսի տպավորություն է, որ մինչ այդ մենք բիձեքով էինք միայն խաղում, ջահելներն էլ առանձին են խաղում։ Միշտ էլ խաղացել ենք։ Դա չէ կարևորը, կարևորն այն է, որ սա նման է նրան, որ տարբեր ընտանիքներ հավաքվում են, քեֆ անում, ինչու չէ, վիճում են, ծիծաղում, մի խոսքով, ապրում իրար հետ»,- ասում է Դավիթ Հակոբյանը և հավելում, որ համաձայն է Ռուբեն Բաբայանի այն կարծիքի հետ, որ պետք է վերացնել «աղանդավորական» մոտեցումը թատրոնին և դառնալ «բաց քրիստոնյա»։

«Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան կկայանա մարտի 3-ին և 4-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, մարտի վերջին՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ ապրիլի սկզբին՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում։ Ամենայն հավանականությամբ, ներկայացումը կտանեն նաև մարզեր։