Բացել լրահոսը Փակել լրահոսը
շներ
A A
Մշակույթ

Մարտիրոս Սարյանի հայտնի գեղանկարը վերականգնվել է (տեսանյութ)

  Մարտիրոս Սարյանի «Կոստանդնուպոլսի շները»   գեղանկարը, որը վնասվել էր ջրից դեռեւս նկարչի կենդանության օրոք, վերականգնվել է եւ  նրա 140-ամյակի առիթով կներկայացվի արվեստասեր հանրությանը։

Սա Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում գտնվող  միակ նկարն է այն շրջանից, երբ նկարիչը երկու ամսով ապրել է Կոստանդնուպոլսում։  Ուղիղ 110 տարի առաջ՝  1910թ փետրվարի վերջին Մարտիրոս Սարյանը մեկնել էր այնտեղ՝  Արևելքի բնությունը և մարդկանց նիստ ու կացը  ուսումնասիրելու  նպատակով։

Այս տարի լրանում է  գեղանկարչի  140-ամյակը։  Մարտիրոս Սարյանի տուն -թանգարանի տնօրենը, նրա թոռնուհին՝  Ռուզան Սարյանը, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց միջոցառումները, որոնք տեղի կունենան փետրվարի 28-ին եւ 29-ին։  Նկարիչը ծնվել է փետրվարի 29-ին։

« Փետրվարի 28-ին,  ժամը 12-ին   լինելու  ենք Սարյանի արձանի մոտ՝  ծաղկադրման, այնտեղից  շարժվելու ենք Կոմիտասի անվան պանթեոն, հետո Իսահակյանի գրադարանում տեղի կունենա «Հուշեր Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը»,- ասաց Ռուզան Սարյանը։

Միջոցառումներն այս երկու օրով չեն սահմանափակվի։  Մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝   «Ալմաստ» օպերայի համար արված  էսքիզները։  

Հաջորդ տարի լրանում  է «Ալմաստ» օպերայի հեղինակ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակը, եւ  Ռուզան Սարյանը հույս ունի, որ այդ առիթով կներկայացվի օպերան՝ սարյանական էսքիզներով։

 Ի դեպ, երկու տարի առաջ «Ա1+»-ը նկարահանել էր  տեսանյութ՝   Մարտիոս Սարյանի տուն-թանգարանի մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ․