Լեւան Ակոբիան չի խաղա «Ուլիսում»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2009 թ առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը» Իջեւանում անցկացրած մեկ շաբաթյա հավաքը պետք է ավարտեր փետրվարի 8-ին նախատեսված ստուգողական խաղով: Սակայն այն չկայացավ, քանի որ ուլիսցիների մրցակիցը` Երեւանի «Կիլիկիան», եղանակային պայմանների պատճառով չի մեկնել Իջեւան:
Այժմ «Ուլիսը» մարզումները շարունակում է Երեւանում: Ինչպես տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը` թիմի կազմում մեկ փոփոխություն է տեղի ունեցել: Հունվարի վերջին «Ուլիսի» վրացի լեգեոներներ Լեւան Ակոբիան ու Թենգիզ Ուգրեկելիձեն մեկնել էին Իսրայել` փոձաշրջանի: Նրանք արդեն վերադարձել են Մերձավոր Արեւելքից, սակայն Թենգիզը ժամանել է Երեւան, իսկ Լեւանը` Զուգդիդի: Վերջինս ցանկանում է ելույթները շարունակել իր հարազատ քաղաքի թիմում:
Ինչպես տեղեկացրեց Գագիկ Գալստյանը, «Ուլիսը» նախնական պայմանավորվածության է եկել Կապանի «Գանձասարի» հետ, փետրվարի 12-ին Արարատում ստուգողական խաղ անցկացնելու համար: «Հույս ունենք, որ այս անգամ ոչինչ չի խանգարի եւ վերջապես կկարողանանք ընկերական հանդիպում անցկացնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մարտին նախատեսած արտասահմանյան ուսումնամարզական հավաքին, ապա ակումբի ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել անցկացման վայրի հարցում: «Մենք պլանավորել էինք հավաքն անցկացնել Սոչիում, որտեղ կան բոլոր պայմանները լավ մարզվելու եւ խաղալու համար: Սակայն խնդիրներ առաջացան մեր վրացի լեգեոնականների հետ, որոնք պետք է մուտքի իրավունք ունենան Ռուսաստան մեկնելու համար: Եթե չհաջողվի լուծել այդ խնդիրը, ապա կմեկնենք Վրաստան, Ուռեկի»,- ասաց «Ուլիսի» գործադիր տնօրենը: