Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Իշխանությունների համար բավականին դժվար է լինելու 650 հազար «այո» ձայն ապահովելը․ քաղաքագետ (տեսանյութ)

«Իրանը մեզ բարեկամ երկիր է, բայց տվյալ պարագայում Հայաստանի անվտանգությունը նույնպես շատ կարևոր է, և սահմանն ուղևորահոսքերի համար փակելը թերևս ամենաճիշտ որոշումն էր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ՀՀ իշխանությունների գործողություններին։

Քաղաքագետը նաև նշեց, որ բեռնատարների համար սահմանները բաց են։

Անդրադառնալով Իրանի կողմից իրանա-ամերիկյան լարվածության ֆոնին սխալմամբ ուկրաինական «Բոյինգ-737»-ի խոցումից հետո փոխհատուցումների թեմային՝ իրանագետն ասաց, որ հարցը հանգիստ կլուծվի։

Խոսելով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի (օրինագծով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները) մասին՝ քաղաքագետը նշեց, որ իշխանությունների համար բավականին դժվար է լինելու 650 հազար «այո» ձայն ապահովելը։

«Մի քանի պատճառներով․ նախ էյֆորիան ընկել է, հետհեղափոխական վիճակին բնորոշ էյֆորիան։ Երկրորդ արտագնա աշխատանքների սեզոնն է շուտով սկսվում․ մարտ-ապրիլին բազմաթիվ մարդիկ գնում են արտասահման արտագնա աշխատանքների»,- պարզաբանեց նա։

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը, եթե դադարեցվեն ՍԴ 7 դատավորների լիազորությունները, Վարդանյան ասաց, որ կարող է՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հարցը քննարկվի, Հայաստանի հարցով համազեկուցողները զեկույցներ ունենան․ «Բացի դրանից, հնարավոր է, որ ՍԴ 7 անդամները դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այստեղ էլ մեկ այլ խնդիր կարող է առաջանալ Հայաստանի համար»։

Իսկ եթե հանրաքվեի արդյունքներով «ոչ»-ը հաղթի, քաղաքագետն ասաց․ «Ես կարծում եմ՝ իշխանություններն այդ դեպքում կընդունեն Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը։ Մանավանդ, որ իրենք անընդհատ հայտարարում են, որ ժողովրդի կամքն իրենց համար ամենամեծ բանն է։ Եվ կարծում եմ՝ դրանից հետո Սահմանադրական դատարանի հարցն առժամանակ կփակվի»։

Մանրամասները տեսանյութում