Արծրուն Հովհաննիսյանը՝ ժամկետային զինծառայողներին «դրսից» հովանավորելու մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Զինված ուժերում մահվան ելքով թեկուզ մեկ դեպքից հետո բացի քրեական պատիժներից միշտ լինում են նաև գերատեսչական պաշտոնանկություններ։ Միշտ կան հրամանատարական օղակի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատվություն են կրում, և միշտ իրենք պաշտոնանկ են արվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գեներալներ Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտոնանկություններին։
Հովհաննիսյանն ասաց, որ բացի գեներալների դեպքից՝ կան նաև միջին և ցածր օղակի սպաների պաշտոնանկություններ։ Պաշտոնակությունը մեխանիզմ է, ըստ նրա, որով փորձ է արվում թերությունները շտկել, նոր աշխատակիցներին ավելի խիստ պայմանների մեջ դնել՝ աշխատանքների ավելի բարելավված մեթոդներով և արդյունավետությամբ։
«Տարվա ընթացքում ունենում ենք նաև բազում կանխված հանցագործություններ։ Լավ հրամանատարի լավ աշխատանքի դեպքում ունենում ես բազում կանխված դեպքեր, ինչի մասին շատ չենք խոսում, շատ չենք բարձրաձայնում»,- նշեց ՊՆ մամուլի խոսնակը։
Հարցին, թե պաշտոնանկություններին զուգահեռ՝ ժամկետային զինծառայողների, սպայական անձնակազմի կրթական ծրագրերում փոփոխություններ կատարվո՞ւմ են, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կրթական ծրագրերը շարունակ բարեփոխվում, լիարժեք են դառնում։
Անդրադառնալով բանակում ժամկետային զինծառայողների հանդեպ դրսից հովանավորչությանը և բանակից քրեական ենթամշակույթի արտախիլ անելուն՝ ՊՆ մամուլի խոսնակն ասաց․ «Ցավոք մենք հանրություն ունենք, որը սիրում է այդ արժեքները։ Մենք հանրության մեջ ունենք, այսպես, մեծ սեր դեպի հովանավորչությունը, դեպի հեղինակությունները, ոչ ֆորմալ ղեկավարման մեթոդները, եղանակները»։
Սակայն, ըստ Հովհաննիսյանի, ամեն ինչ կախված է տվյալ ստորաբաժանման, զորամասի հրամանատարության ազդեցությունից։
«Եվ եթե հրամատարն իր տեղում է, հրամանատարն ամուր հրամանատար է, լավ է հասկանում՝ ինչ է կարգապահությունը, լավ է հասկանում, որ ամենամեծ հեղինակությունը հենց ինքը պետք է լինի, ապա ինքը թույլ չի տալիս, որ այդպիսի ներգործություն ունենան «դրսից»»,- նկատեց Արծրուն Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։