Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա): 

Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին և ձևավորված սերտ գործակցությանը: Վեհափառ Հայրապետը հաստատեց Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին և թե´ Ավստրալիայի առաջընթացին: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը շեշտեց  Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: 

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև վերհիշեց Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերը` գոհունակությամբ անդրադառնալով հայ համայնքի ծաղկուն ազգային-եկեղեցական կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող ջերմ ու հարգալից վերաբերմունքին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը փոխանցեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատարության համար: 

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձևավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած  Ավստրալիայի ժողովրդին Նորին Սրբությունը ցանկացավ կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք: