Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 26-ը փետրվարի․ Արթուր Բաղդասարյանը սեղմում է Սերժ Սարգսյանի ձեռքը (տեսանյութ)

«Ուժային նախարարները նախագահի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին չեն աջակցի, քանի որ նա արդեն հաղթած նախագահ է»,-1998-ի փետրվարի 26-ին հայտարարում է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը:

1999-ի փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանի նախագահությամբ տեղի է ունենում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջին համագումարը: Պարոն Դեմիրճյանն իր ելույթում քննադատում է նախորդ եւ գործող իշխանություններին՝ նրանց համարելով նույն սանրի կտավը:

1999-ի փետրվարի 28-ին Երեւանում նշում են Սումգայիթի ցեղասպանության 11 տարին: Պաշտոնական տվյալներով այդ օրը Սումգայիթում սպանվում է 33 մարդ:

2000-ի այս օրերին Հայաստանում է ադրբեջանցի 6 լրագրող: Փետրվարի 26-ին նրանք հրաժարվում են հանդիպել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հենց այսօր է, նրանց բառերով, տեղի ունեցել Խոջալուի ցեղասպանությունը: Ադրբեջանցի լրագրողները Հայաստանում էին «Աջակցություն Հարավային Կովկասի լրագրողներին» սեմինարի շրջանակներում։

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրում է կառավարության ձեւափոխման մի հրամանագիր, որով ձեւավորվում են նոր նախարարություններ: Այսուհետ Հայաստանում կգործի 17 նախարար նախկին 24-ի փոխարեն եւ 16 նախարարություն նախկին 21-ի փոխարեն : Վարչապետ Արամ Սարգսյանը փետրվարի 27-ին ներկայացնում է իր բառերով նոր նախարարություններից ամենակարեւորի՝ պետական գույքի կառավարման նախարարին՝ Դավիթ Վարդանյանին: Նա «սեփականաշնորհում» բառը «պետական գույք»-ով փոխարինելը բացատրում է նրանով, որ առաջինը հակակրանք է առաջացնում ժողովրդի մոտ: Նոր նախարարը ԱԺՄ-ից է եւ իր բառերով կողմ է սեփականաշնորհմանը: Տարածքային կառավարման եւ քաղաքաշինության նոր նախարարը կոմունիստ Լեոնիդ Հակոբյանն էր: Աշխատակազմին իր ներկայացմանը նախարարը չէր ներկայացել:

2001-ի փետրվարի 26-ին նախկին վարչապետ Արամ Սարգսյանը եւ Ալբերտ Բազեյանը ստեղծում են ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը : Այն դեռ պետք է գրանցվի արդարադատության նախարարությունում: Անդամների մեջ շատ են Երկրապահ կամավորական միության անդամները : Ի դեպ, Վահան Շիրխանյանը չի մտնի այս կուսակցություն:

2001-ի փետրվարի 26-ին Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը դատավճռով Սամվել Բաբայանին զրկում է Արցախի հերոսի կոչումից եւ գեներալ լեյտենանտի զինվորական աստիճանից : Դատարանը Բաբայանին դատապարտում է 14 տարվա ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավումով: Բաբայանի փաստաբանն ասում է, որ Բաբայանը չի բողոքարկի դատավճիռը:

2001-ի փետրվարի 28-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում հրդեհվում է Ազատամարտիկների պողոտայում գտնվող Ղարաբաղի պատերազմի վետերանների միության շենքը: Միության նախագահն ակնարկում է, որ սա պետական ահաբեկչություն է՝ իրենք Սամվել Բաբայանի թիմակիցներն են: Խոսքը Կոտայքի մարզի եզդիների մասին է, իսկ մարզպետը Կովալենկո Շահգալդյանն է: Նրանց արոտավայրերը կառավարությունն ուզում է վաճառել աճուրդով: Նրանք եկել էին նախագահի նստավայր՝ ասելու, որ իրենց թույլ չեն տալիս մասնակցել աճուրդի: Եզդի կանայք փորձում են փակել նաեւ Բաղրամյան պողոտան:

2008-ի այս օրը Հայաստանի հանրահավաքային պատմության մեջ տեղի է ունենում աննախադեպ մի բան՝ նախագահի ընտրություններում պաշտոնապես հաղթած իշխանության թեկնածուի հանրահավաքին բերված տասնյակ հազարավոր մարդիկ հենց հանրահավաքի ընթացքում շարժվում են Ազատության հրապարակ եւ միանում պաշտոնապես պարտված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին: Սերժ Սարգսյանի հանդեպ հավատարմության ցույցը ձախողվում է, քանի դեռ իշխանության թեկնածուն ելույթ է ունենում եւ խոսում միասնության մասին:

Նույն օրը ընդդիմադիր համարվող ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը դեռ կասկածներ ունի նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքների հանդեպ: Սակայն «ընդունու՞մ է այդ արդյունքների օրինականությունը» հարցին խոստանում է պատասխանել մեկ-երկու օրից: Երկու օր անց Արթուր Բաղդասարյանը սեղմում է Սերժ Սարգսյանի ձեռքը եւ ստորագրում կոալիցիոն հուշագիր:

Սա հայկական Պոմպեյի նախավերջին օրն էր: