52 դպրոցում ծնողն ապտակել է ուսուցչուհուն․ փոխքաղաքապետն այցելել է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ նախօրեին երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի թիվ 52 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի մայրը դասարանում, դասի ժամին, երեխաների ներկայությամբ անվայել բառերի ուղեկցությամբ քաշքշել է ուսուցչուհուն և ապտակել է նրան:
«Մինչ այս, մայրը պնդում էր, որ երեխայի նկատմամբ ուսուցչուհին շարունակաբար անբարյացակամ վերաբերմունք է դրսևորել, անգամ բռնության ենթարկել նրան: Երեխայի նկատմամբ բռնության ահազանգով համապատասխան մարմիններն ու մասնագետները հետաքննություն են անցկացրել, բռնության փաստը չի հաստատվել:
Այսօր առավոտյան քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը այցելել է դպրոց, նախ՝ զրուցել երեխայի հոր հետ, նրանից տեղեկացել տեղի ունեցածի վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հայրը ըստ էության չի պնդել տեղեկությունը, թե երեխայի նկատմամբ դպրոցում տեղի է ունեցել բռնություն: Հայրը պատմել է, որ երեխան վստահ չէ, որ նման բան է եղել, տարբեր օրերի, կատարվածի տարբեր վարկածներ է ներկայացնում:
Տիգրան Վիրաբյանը քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի հետ խորհրդակցություն է անցկացրել նաև դպրոցի տնօրինության և ագրեսիայի ենթարկված ուսուցչի հետ:
«Ցանկացած պարագայում համարում եմ, որ մանկավարժի նկատմամբ նման վարքը անթույլատրելի է: Այն խաթարում է դասապրոցեսը, սթրեսի է ենթարկում սովորողներին, հասարակությունում նսեմացնում է ուսուցչի կերպարը և առհասարակ, անձի արժանապատվությունը Սահմանադրությամբ ամրագրված բարձրագույն արժեքներից է: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Մնացած հարցրի պատասխանները, կարծում եմ, կտան իրավապահները», - ասել է փոխքաղաքապետը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ անկախ միջադեպի հանգամանքներից, պետք է ապահովել նաև երեխայի կայուն հոգեբանական վիճակը և բնականոն ուսման պրոցեսը: Տիգրան Վիրաբյանը առաջարկել է ծնողին՝ երեխային տեղափոխել այլ դասարան»: