Բացել լրահոսը Փակել լրահոսը
2k7TU6R7D8hF9SkondvcC3ukaLn1VvpTw9e2zJF2Ln53F1jZVaUdD8a4Qn
A A
Հասարակություն

Մարտի 8-յան հրավիրատոմս ստանալու քաղաքապետարանի պայմանները

Երևանի քաղաքապետարանը Մարտի 8-ի առիթով կանանց համար մշակութային նվերներ է պատրաստել։

Տոնական օրը կանայք հնարավորություն կունենան մասնակցելու 17 միջոցառումների՝ ընտրություն կատարելով թատրոնի, կինոյի, բալետի կամ համերգի միջեւ։

Քաղաքապետարանի կայքում  նշված է, որ միջոցառումները նախատեսված են երևանցիների համար, սակայն  կառույցի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է, որ, ճիշտ է, միջոցառումները հիմնականում երևանցիների համար են, բայց մարզերի բնակիչները ևս կարող են ձեռք բերել հրավիրատոմսեր։

Դրանք ձեռք բերելու համար որևէ փաստաթուղթ ներկայացնել անհրաժեշտ չէ, յուրաքանչյուր ոք կարող է  տոմսարկղերից  վերցնել մեկ զույգ տոմս։  Իսկ թե ինչպես է վերահսկվելու հրավիրատոմսերի բաշխումը, որ անձը չափից ավելի տոմսեր չվերցնի, Հակոբ Կարապետյանը պատասխանում է՝ նման մեխանիզմ չունեն, ապավինում են քաղաքացիների բարեխղճությանը։

Տոմսարկղերից հրավիրատոմսեր ձեռք բերել կարող են նաև տղամարդիկ․ «Իսկ ո՞վ է ասում, որ անպայման կանայք պիտի վերցնեն, թող տղամարդիկ գնան և իրենց կանանց համար տոմսեր վերցնեն,- ասում է մամուլի խոսնակը,- մենք խտրականություն չենք դնում»։

Մարտի 8-ի համար միջոցառումների ցանկը քաղաքապետարանը հատուկ չի կազմել, մշակութային հաստատություններն իրենք են ներկայացրել տոնական ցանկերը։

Նախաձեռնության շրջանակում ցուցադրվող միակ ֆիլմը «Անհայտ բաժանորդն» է, որը վաղուց հայտնվել է համացանցում։  Հարցին՝ հնարավոր չէ՞ր մեկ այլ ֆիլմ ընդգրկել, Հակոբ Կարապետյանը այսպես պատասխանեց․ «Իմ ամենասիրած սիմֆոնիան Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան է, կարող եմ ամեն վայրկյան բաց անել և լսել, բայց համերգասրահում լսելը ուրիշ է, նույնն էլ՝ ֆիլմի պարագայում»։

Միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը բյուջեից տրամադրել է 11 միլիոն 430 հզր դրամ, իսկ հրավիրատոմսերը հասանելի կլինեն արդեն փետրվարի 27-ից։ Դրանք ձեռք բերելու համար, ինչպես Հակոբ Կարապետյանն է ասում, պետք է շտապել, բայց «խուճապի  չմատնվել»։