Բացել լրահոսը Փակել լրահոսը
social
A A
Հասարակություն

«Չլինի պահանջարկ, չի լինի  առաջարկ»․  կրկին  ֆեյքերի մասին

Ֆեյքերի դեմ  պայքարելու  համար  օրենսդրական նոր կարգավորումներ  Հայաստանին պետք չեն,- կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։   Ըստ նրա՝ անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց գրագիտությունը, որպեսզի չսպառեն ֆեյքերի արտադրանքը։

«Չլինի պահանջարկ, չի լինի նաեւ առաջարկ կամ գոնե չի զարգանա»,- ասում է նա։

Բացի այդ,  ըստ նրա․ «Կառավարությունը պետք է առավել արդյունավետ իրականացնի իր պրոակտիվ հրապարակայնության գործառույթը եւ սեփական նախաձեռնությամբ տեղեկատվությունը բաց եւ հրապարակային դարձնի հանրության համար»։

«Խոսքի ազատությանը վնասելը կախված է պայքարի մեթոդից»

PARA TV առցանց հեռուստաընկերության  անձնակազմը վերջերս  սոցհարթակում տեսանյութ  տեղադրեց եւ  օգտատերերին կոչ արեց՝ մեկնաբանություններ անելիս՝ պահպանել քաղաքակրթության կանոնները։

«Մեզ համար հստակ է, որ հասարակության մեծ մասը ինֆորմացված չէ, ուստի իրենց կարծիքը արտահայտում են թերի ինֆորմացիայի հիման վրա` հայհոյանքի միջոցով: Այդպիսով, որոշեցինք մենք էլ հանրության սթափեցման ուղղությամբ մեր ներդրումն ունենալ` կոչ անելով միմյանց չանվանարկել, քանի որ դա դժգոհության արտահայտման սխալ մեթոդ է»,- ասում է գլխավոր պրոդյուսեր Անժելա Նալբանդյանը։  Նա  վստահեցնում է՝   հնարավորինս փորձում են «մատուցվող կոնտենտի հետ կապ չունեցող ու անձնական վիրավորանքներ պարունակող մեկնաբանությունները հեռացնել»:

Անժելա Նալբանդյանը համոզված է․ ֆեյքերի միջոցով հնարավոր է փոխել հասարակական տրամադրությունները․ «Ճիշտ է՝ մենք չունենք արված հետազոտություն` հստակ տվյալներ հրապարակելու համար, բայց մեդիագրագիտության բարձրացումը կհանգեցի այդ արհեստականորեն ստեղծված տրամադրությունների հնարավոր նվազեցմանը»:

Ֆեյքերի դեմ արշավը կարո՞ղ է վնասել խոսքի ազատությանը։

«Խոսքի ազատությանը վնասելը կախված է պայքարի մեթոդից: Եթե մեթոդը մեդիագրագիտության բարձրացումն է, ապա, միանշանակ, չի կարող վնասել խոսքի ազատությանը»,- նշում  է  նա:

  Ի դեպ,  PARA TV-ի պրոդյուսերը համոզված է․  «Օրենսդրական նախաձեռնությամբ  հնարավոր է խոչընդոտել խոսքի ազատությունը, այդ պատճառով էլ դժվար է օրենքով զսպել ատելության խոսքի տարածումը: Մարդիկ պարզապես պիտի գիտակցեն, որ իրենց ընտրած մեթոդը սխալ է, իսկ այդ գիտակցությանը կարող ենք հասնել միայն գրագիտության աստիճանի բարձրացմամբ»:

«Ֆեյքերով փորձում են  խելացի մարդկանց խաղից դուրս վիճակում թողնել»

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն ասում է՝   իրենք բավականին խիստ  մոդերացիա  են իրականացնում ինչպես կայքում, այնպես էլ ֆեյսբուքյան էջում․ «Խմբագրությունից 6-7 հոգի ունեն մոդերացիա ենթարկելու գործիքներ, որոնք կիրառում են ըստ անհրաժեշտության,  մեկնաբանությունների տողում գրված է, որ արգելվում են մի քանի բան՝ հայհոյախառը, թեմային չվերաբերող, եւ կեղծ պրոֆիլներով հայհոյախառը մեկնաբանությունները»։

«Մենք կեղծ պրոֆիլներին շատ  մեծ ուշադրություն չենք դարձնում, նաեւ առանձնապես չենք խորանում, թե դրանք իսկապես կե՞ղծ են, թե՞ պարզապես  մարդը չի ուզում հանդես գալ իր անունով, որովհետեւ յուրաքանչյուր անձ իրավունք ունի  անանուն հանդես գալու։ Այլ խնդիր է, որ այդ անանուն հանդես գալը վերածվում է վիրավորանքի, կամ սպառնալիքների, ապա խմբագրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եւ ձեռնարկում է»,- ասում է «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիրը։

Իսկ հնարավո՞ր է  Հայաստանում ֆեյքերի միջոցով հասարակության մեջ վերաբերմունք փոխել, օրինակ՝ իշխանությունների նկատմամբ։

«Կարծում եմ, որ  դրանցով հնարավոր չի  լուրջ քայլեր անել, բայց որոշակի հասարակական կարծիք կամ մթնոլորտ  ձեւավորել հնարավոր է։ Ես տեսնում եմ, որ  ֆեյքերով հատկապես փորձում են խելացի մարդկանց խաղից դուրս վիճակում թողնել, այսինքն՝ մեկնաբանելով գրածները, բաժանելով մարդկանց սեւերի եւ սպիտակների  կարողանում են դրդել, որպեսզի մարդիկ, ովքեր ուզում էին ինչ-որ հարցի վերաբերյալ կարծիք  արտահայտել, պարզապես իրենց այդ մտադրությունից  հրաժարվեն։ Եւ այդ այսօր համատարած երեւույթ է»,- շեշտեց նա։

 Կեղծ տեղեկատվության դեմ՝  հավաստի տեղեկատվությամբ

 «Կեղծ օգտատերերը երբեմն կարող են կեղծ օրակարգերի շուրջ մեծ աղմուկ բարձրացնել, հաճախ իրականացվող կարեւոր բարեփոխման ծրագրից, օրինագծից, իրադարձությունից, կամ պաշտոնյայի խոսքից պոկեն մի կտոր ու լրիվ այլ ենթատեքստով ու մեկնաբանությամբ առաջխաղացնեն»,- մեր  հարցին ի պատասխան ասում է «Հետքի»  ներկայացուցիչ Քրիստինե Բարսեղյանը։

Ինչ վերաբերում է   ֆեյքերի դեմ պայքարին, ապա այդ նա նմանեցնում հողմաղացների դեմ  պայքարին։  

«Կեղծ տեղեկության դեմ պայքարում են միայն հավաստի եւ ճշտված տեղեկատվությամբ, հասարակության եւ լրատվամիջոցների հետ վարվող ճիշտ տեղեկատվական քաղաքականությամբ: Օրենսդրական կարգավորում մեզ անհրաժեշտ է ԶԼՄ ոլորտում,  մասնավորապես ԶԼՄ-ների մասին օրենքում: Իսկ այ ԶԼՄ ինքնակարգավորումը, ցավոք, դեռ երազանք է թվում»,- ասաց  նա:

Ի դեպ, «Հետքի» սոցիալական էջերը մոդերացվում են,  հեռացվում ենք հայհոյանք, անձնական վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

 Հոգեբանի տեսակետ

Ըստ  հոգեբան Սաթեն Գրիգորյանի՝  երբ մարդիկ ներկայանում են կեղծ էջերով կամ այլ անունով են հանդես գալիս, դառնում են առավել համարձակ․ «Իրենց ներսում կուտակված ողջ ագրեսիան դուրս են  բերում՝ երբեմն այն վերածելով ամենաթողության, ինչը հաճախ հոգեբանական բռնություն է հիշեցնում»:

Այսօր մարդիկ, ըստ նրա,  կորցնում են իրենց իրական Ես-ը։

«Արդյունքում իրական և կերպարային Ես-երի միջև առաջանում է բախում, որում գրեթե միշտ հաղթում է վիրտուալ իրականության տիրույթում ապրող կերպարը»,- նշում է հոգեբանը՝ ընդգծելով, որ «անգամ հասուն մարդը տեղեկատվական տեխնոլոգիաների այս զարգացած դարաշրջանում չի կարողանում հարմարվել և պահել սեփական դեմքն ու դիմագիծը՝ չձուլվելով միջավայրին, իսկ սոցիալական կայքերն ընձեռում են նպաստավոր բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ ձուլվեն այն իրականությանը, որը ցանկանում են հրամցնել իրենց»։

«Մեզ անհրաժեշտ  ատելության խոսքի դեմ օրենք»

Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը վստահեցնում է՝  հայհոյող օգտատերերին անմիջապես արգելափակում է ։ «Երբեք հայհոյանքով չեմ պատասխանում, քանի որ դրանով կավելացնեմ հանրային տիրույթում հայհոյանքի քանակը»,-ասում  նա։   Նա կարծում  է՝ ֆեյքերի միջոցով հնարավոր է վերաբերմունք եւ հասարակական կարծիք փոխել, քանի որ ցավոք, հասարակության մեծամասնությունը մեդիագրագետ չէ և դժվարանում է անգամ տարբերակել ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կարծիքը լրատվությունից։

 «Մեզ անհրաժեշտ  է  ատելության խոսքի դեմ օրենք, որը նաև խթան կհանդիսանա, որպեսզի քննչական մարմինները հայտնաբերեն կեղծ անուններով գրանցված անձանց կողմից իրականացվող առցանց հանցագործությունները»,-ասում է Արման Ղարիբյանը։

Հետգրություն

Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է քրեականացնել  բռնության հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզը ,   որպես ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված քայլերից մեկը։  Հնչում են մտահոգություններ, որ  կարող է «թացն ու չորը» խառնվել եւ այն դառնա խոսքի ազատության դեմ արշավ։