Տղամարդու վրա հարձակված կենդանին հովա՞զ է եղել․ տեսակետներ
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի նոյեմբերին Ենոքավան գյուղի մերձակայքում գիշատիչ կենդանին հարձակվել էր իր կենդանիներին հաշվելու գնացած 35-ամյա Արման Գաբրիելյանի վրա, ով բազմաթիվ վերքերով տեղափոխել էր Իջեւանի բժշկական կենտրոն:
Ամիսներ շարունակ մասնագետները փորձում էին պարզել՝ արդյոք հովա՞զ է եղել, թե՞ ոչ։
Դեպքի առթիվ մի շարք կազմակերպություններ, ինչպիսիք են ՝ «Վայրի Բնության Հիմնադրամ»-ը, NABU Հայաստան կազմակերպությունը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և այլ կառույցներ կատարել են հետազոտություններ՝ տեսախցիկներով հետեւել են կենդանիների աշխատանքին, սակայն տեսախցիկը արձանագրել է գայլ, աղվես, կզաքիս, անտառային կատու, գորշ արջ, շնագայլ վայրի խոզ և այլն, բայց հովազ չի երեւացել տեսադաշտում։
«Այս դեպքը առաջին դեպքն էր, որ կարող ուժերը միավորվել են, եւ սա ծառայեց մի լավ բանի՝ տարածքն ընդգրկվեց արգելավայրերի շարքին»,- ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հովազ է եղել, հարյուր տոկոսով ասել, որ դա հովազ չի եղել, այդ պահին իրավունք չունեն։
«Բայց կա մի սիրողական տեսանկարահանում, որը մենք փորձեցինք մեծացնել։ Այնտեղ ինչ-որ բան երեւում է, որը նման է հովազին։ Բայց արդյոք դա հենց էդտեղ է նկարահանված, կամ, եթե կողքի գյուղում է նկարահանված, հնարավոր է, որ այդ հովազը այդ տարածքից մեկ օրվա ընթացքում կարող էր տասնյակ կիլոմետրեր անցնել, որ այլեւս չգտնեինք»,- նշում է Ռուբեն Խաչատրյանը։
Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ հովազի կողմից հարձակման ենթարկված անձի հագուստի վրայից գտնված մազերը եւ դաշտից հայտնաբերված կղանքները ուղարկվել են Գերմանիա՝ փորձաքննության, եւ վերջերս ստացել են պատասխանները։
«Ըստ հետազոտության արդունքների՝ նմուշները սովորական լուսանի են պատկանում, այլ ոչ թե հովազի։ Դա լաբորատոր պատասխանն է, եւ մենք պարտավոր ենք տեղեկացնել, թե տուժածը ինչ կասի, դա իր մոտեցումներն է։ Հագուստի վրա կային նաեւ աղվեսի, գայլի մազեր, բայց դա արդեն երկրորդական է»,- ասում է Կարեն Մանվելյանը։
Հետազոտության արդյունքները լսելուց հետո տուժածը՝ Արման Գաբրիելյանը, մնում է իր համոզմունքին, որ իր վրա հարձակված կենդանին հովազ է եղել, ոչ թե լուսան։
«Կենդանու պոչը շատ երկար էր, էդ հաստատ, լուսանինը կարճ է։ Այն ժամանակ, որ կենդանին հարձակվել է, չի եղել իր ձագերի հետ, կամ կերի վրա, այլ փակուղու մեջ է եղել»,-ասում է նա ։
Տուժածի խոսքով՝ կենդանու հարձակումը տեւել է մի քանի վայրկյան, բայց նա հասցրել է նկատել կենդանու պոչը, նախշեր, զգալ քաշը։ Դեպքից հետո գյուղացիները խուսափում են այդ տարածքից։
Ներկայացուցիչները կասկած հայտնեցին, որ Արման Գաբրիելյանի հարձակման պահին նկատելը կենդանու երկար պոչը, եւ պատկերացնելը, որ դա հովազ է, կասկածելի է։
«Վարկածը, որ տուժածը ճիշտ է ասում, մենք չենք կարող ասել, որ այդպես չէ, պարզապես մեր հետազոտություններն ենք ներկայացնում»,- ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։