Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դատարան
A A
Հասարակություն

Մարտի 1-ի գործով տուժողին կրկնակի դատաբժշկական փորձաքննության չեն ենթարկում

Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Սուրեն Հովհաննիսյանին դատախազությունը հրաժարվում է կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկել: 2008 թ մարտի 1-2-ի օրերին նա հրազենային վնասվածք է ստացել, սակայն  դատաբժիշկը վնասվածքը բնորոշել է որպես թեթեւ մարմնական։ 

Տուժող կողմը համամիտ չէ եզրակացության հետ։ 

«Դատախազությունն էլ է ընդունում, որ այդ օրերին ապացույցները կեղծվել են։ Գտնում ենք, որ դատաբժշկական եզրակացությունը թերի է կազմված եւ որոշակի հանգամանքներ կան, որ չի պարզվել»,-ասում է տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ 

Տուժող Սուրեն Հովհանննիսյանը դիմել է մի շարք բժշկական հաստատություններ, ստացած վնասվածքը նպաստել է սրտի իշեմիկ հիվանդություն ձեռք բերելուն, նա նույնիսկ վիրահատվել է ՌԴ-ում։ 

Թե Հատուկ քննչական ծառայությունը, եւ թե Գլխավոր դատախազությունը մերժել են կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու տուժող կողմի բողոքը՝ պատճառաբանելով, որ փորձաքննության որեւէ նորմ խախտված չէ։ 

Փաստաբան  Արա Ղարագյոզյանը, սակայն նշում է՝ մյուս տուժողի՝ Անդրանիկ Հարությունյանի դեպքում  դեպքում նմանատիպ մոտեցում չի ցուցաբերվել։ Նրանց բողոքը բավարարվել է․ «Դատախազությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերում»։ 

Տուժող կողմը բողոք է ներկայացրել նաեւ դատարան։