Խոակին Բոգոսյանը հետաձգել է հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինական TyCSports հեռուստաալիքը Երեւանի «Փյունիկի» ֆիզպատրաստության մարզիչ Ռոդրիգո Ռոլդանից հետաքրքրվել է, թե որքանով է հավանական «Նյուվելս Օլդ Բոյսի» ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանի ընդգրկումը Հայաստանի հավաքականի կազմում:
Արգենտինացի մասնագետն ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վաղուց պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին եւ այժմ սպասում է նրա պատասխանին:
«Ես նոյեմբերի վերջին, երբ գտնվում էի Արգենտինայում, փորձեցի հանդիպել Բոգոսյանի հետ, սակայն նա հետաձգեց այն: Հայ ֆուտբոլասերները հեռուստատեսությամբ տեսնելով նրա խփած գոլերը Արգենտինայի առաջնությունում, միանգամից հարց բարձրացրին նրան հրավիրել Հայաստանի հավաքական: Խոակինի հետ մի քանի հեռախոսազրույցներ են վարվել: Նա առայժմ պատասխան չի տվել, հավանաբար դեռ մտածում է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աջակցում է ֆուտբոլասերներին եւ փորձում է ստանալ ֆուտբոլիստի համաձայնությունը»,-ասել է նա:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, այժմ ամեն ինչ կապված է Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Վաշինգտոն Տաբարեսից, որը դեռ չի հրավիրել հայազգի հարձակվողին հավաքական:
Եթե դա տեղի ունենա, ապա Խոակին Բոգոսյանը դժվար թե մերժի նրան, քանի որ նա աշխարհի առաջնությանը մասնակցելու լավ հնարավորություն է ստանում: