Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled1
A A
Պաշտոնական

Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը համատեղ այցեր են ունեցել զորամասեր ու ազատազրկման վայրեր

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Արման Թաթոյանը փետրվարի 21-22-ը համատեղ այցեր են ունեցել Արցախում տեղակայված որոշ զորամասեր, ինչպես նաև ռազմական ոստիկանություն ու Շուշիի քրեակատարողական վարչություն:

Պաշտպաններն իրենց շրջայցերի ու առանձնազրույցների ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին և առնչվող հիմնախնդիրներին: Նրանք ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային ու բուժսպասարկման պայմաններին, ինչպես նաև ծառայության կազմակերպման որոշ այլ առանձնահատկությունների:

Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնում ու կարգապահական վաշտում և Շուշիի քրեակատարողական վարչությունում Պաշտպանները ուսումնասիրել են զինծառայողների կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերը, նրանց պահման պայմանները, արտաքին աշխարհի հետ կապի ապահովման և հարակից այլ հարցեր:

Ուսումնասիրությունների և առանձնազրույցների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանների գլխավորած թիմերը արձանագրել են որոշ համակարգային հիմնախնդիրներ ու անհատական բողոքներ, որոնց լուծման ուղղությամբ Պաշտպաններն իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ են ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

 

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ