Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք ծանոթ, երկու` անծանոթ

Սպորտ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա 2-րդ ընտրական խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Անդորայի ընտրանիները (ի դեպ, սկզբում մեր հավաքականը ընդգրկվեց 1-ին խմբում, բայց քանի որ այդ խմբում նախապես հայտնվել էր Ադրբեջանի ազգային թիմը, ՈՒԵՖԱ-ն Հայաստանին ինքնաբերաբար տեղափոխեց հաջորդ խումբ):

Մեր հավաքականը նախկինում արդեն հանդիպել է Ռուսաստանի, Մակեդոնիայի, Անդորայի հետ: Ռուսների հետ անցկացրած երկու խաղերում էլ մեր ֆուտբոլիստները պարտություն են կրել: Մակեդոնացիների հետ մերոնք հանդիպել են 4 անգամ, որից առաջինում ոչ-ոքի են խաղացել, երկրորդում հաղթել, իսկ վերջին երկու խաղերը տանուլ տվել: Անդորայի ազգային թիմի հետ անցկացրած 6 հանդիպումներից 5-ում Հայաստանի հավաքականը հաղթել, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի: Սլովակիայի եւ Իռլանդիայի թիմերի հետ մեր հավաքականն առայժմ չի հանդիպել, այդ թվում ընկերական մակարդակով: Նշենք, որ Ռուսաստանի հավաքականին այժմ մարզում է հոլանդացի հանրահայտ մասնագետ Գուս Հիդինկը, իսկ Իռլանդիային` իտալացի Ջիովանի Տրապատոնին:

Եվրո-2012-ի ընտրարշավը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ կավարտվի 2011 թ նոյեմբերին: Ի դեպ, այսուհետ խաղերը կանցկացվեն ոչ թե ավանդական շաբաթ եւ չորեքշաբթի օրերին, այլ ուրբաթ եւ երեքշաբթի:

Առաջնության մրցակարգով եզրափակիչ փուլի ուղեգրեր կնվաճեն ընտրական խմբերի հաղթողները, 2-րդ տեղը գրաված հավաքականներից լավագույն ցուցանիշ ունեցող թիմը, ինչպես նաեւ անցումային 4 հանդիպումների հաղթողները (վերջինիս կմասնակցեն խմբերում 2-րդ տեղերը գրաված մնացած 8 ընտրանիները):

 

Ահա վիճակահանության լրիվ արդյունքները.

 

1-ին խումբ. Գերմանիա, Թուրքիա, Ավստրիա, Բելգիա, Ղազախստան, Ադրբեջան

2-րդ խումբ. Ռուսաստան, Սլովակիա, Իռլանդիա, Մակեդոնիա, Հայաստան, Անդորա

3-րդ խումբ. Իտալիա, Սերբիա, Հս.Իռլանդիա, Սլովենիա, Էստոնիա, Ֆարերներ

4-րդ խումբ. Ֆրանսիա, Ռումինիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բելառուս, Ալբանիա, Լյուքսեմբուրգ

5-րդ խումբ. Հոլանդիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Հունգարիա, Մոլդովա, Սան Մարինո

6-րդ խումբ. Խորվաթիա, Հունաստան, Իսրայել, Լատվիա, Վրաստան, Մալթա

7-րդ խումբ. Անգլիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ուելս, Չեռնոգորիա

8-րդ խումբ. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Կիպրոս, Իսլանդիա

9-րդ խումբ. Իսպանիա, Չեխիա, Շոտլանդիա, Լիտվա, Լիխտենշտայն