Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 22-ը փետրվարի․ Ռոբերտ Քոչարյան. Բա էդքան բողոքել կլինի՞ (տեսանյութ)

1994-ի փետրվարի 22-ից Հայաստանում 1, 10, 50, 100 եւ 200 դրամանոց թղթադրամներին միանում են 5 եւ 10 դրամանոց մետաղադրամներն ու 5, 10, 20 եւ 50 լումայանոց մետաղադրամները: Ի դեպ, լուման հայերեն նշանակում է ներդրում:

Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը կարող է մասնակցել Հայաստանի նախագահի ընտրություններին, որովհետեւ Ղարաբաղ պետություն գոյություն չունի:

1998-ի այս օրն այս մասին հայտարարում է ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը: Վերջինս ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանն ունի Հայաստանի քաղաքացիություն:

1998-ի այս օրերին Ստեփանակերտում նշում են ղարաբաղյան շարժման 10 տարին: Հանդիսավոր միջոցառմանը Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը Վազգեն Սարգսյանին շնորհում է Արցախի հերոսի կոչում: Ղարաբաղում է նաեւ ռուս գեներալ Ալեքսանդր Լեբեդը: Ադրբեջանը բողոքում է:

Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը 1998-ի փետրվարի այս օրերին հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում է, որտեղից սկսվել է ղարաբաղյան շարժումը: Այստեղ Քոչարյանն արդարացնում է նախորդ իշխանություններին Հայաստանում առկա խնդիրների համար: Այստեղ մարդիկ բողոքում են իրենց սոցիալական վատ վիճակից:

2000-ի փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը Սարդարապատում վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում է Ազգային Ժողովի խմբակցությունների հետ: Վազգեն Սարգսյանի եղբայրն ուզում է կրճատել պետական ապարատը:

2000-ի փետրվարի 22-ին Հանրապետական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը լրագրողներին բացատրում է, թե նախորդ օրվա գիշերը կառավարությունում ինչ նկատի ուներ վարչապետ Արամ Սարգսյանը, երբ ասում էր, որ որոշ նախարարներ պետք է հեռացվեն: Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը դեռ պարզ չէ սպասվող պաշտոնանկությունների վերաբերյալ:

Առանց պետհամարանիշների սպիտակ «Գազելները» 2000-ի այս օրերին իրականացնում են Երեւան-Էջմիածին երթուղու ուղեւորափոխադրումները: Երեւանում նրանք կայանում են Մաշտոցի 9 շենքի մոտ, որտեղ ավտոկանգառ պարզապես չկա: Ովքեր են այս երթուղու վարորդները, ոչ մեկին հայտնի չէ: Այս երթուղու սպասարկման մի մրցույթ ձախողվել է, առջեւում նոր մրցույթ է:

2000-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական բարձր պարգեւներ է հանձնում հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատներին: Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին հետմահու շնորհվում է Ազգային հերոսի կոչում: Վազգեն Սարգսյանի մայրը պարգեւը վերցնում է արցունքն աչքերին: Բոլոր հարազատներն են հուզվում, պարգեւները նրանց չեն մխիթարում:

2001-ի փետրվարի 22-ին մի քանի ժամով Հայաստանում է Եվրամիության քաղաքական եռյակը : Եկել են ասելու, որ ուշադիր են տարածաշրջանի հանդեպ եւ որ այստեղ կարեւոր է խաղաղությունը: Քոչարյանը նրանց ասում է՝ մենք մեզ համարում ենք Եվրոպայի մի մասը: Սակայն Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի մասին լրագրողների հարցը ծիծաղեցնում է Շվեդիայի արտգործնախարարին՝ դեռ շատ վաղ է, դուք կոնֆլիկտ ունեք այստեղ:

2002-ի այս օրերին Ազգային Ժողովում խորհրդարանական կառավարման կողմնակիցների եւ իշխանության խորհրդարանական թեւի միջեւ միջադեպ է տեղի ունենում՝ հնչում են երկկողմանի վիրավորանքներ: Կոմունիստներն ասում են, որ նման միջադեպերը հրահրում է Ազգային Ժողովի ղեկավարությունը՝ նրանք սովորություն ունեն տապալել արտահերթ նիստերը:

Ռոբերտ Քոչարյանը մեծ ուշադրությամբ է լսել 2002-ի փետրվարի 21-ի խորհրդարանում ընդդիմության եւ իշխանության փոխադարձ վիրավորանքները: Խորհրդարանական կառավարման կողմնակիցներին Քոչարյանն առաջարկում է պետությունը հիստերիայի մեջ չդնել։ Նույն օրը Հայաստանում բացվում է թեթեւ արդյունաբերության ապրանքների ցուցահանդես: Ռոբերտ Քոչարյանն այստեղ է, նա ասում է, որ երբեմն ինքն էլ է կրում տեղական արտադրության ինչ-որ հագուստ:

2002-ի փետրվարի 21-ին Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրվող Աղամալ Հարությունյանը, որը Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն է, դատապարտվում է 2 տարվա պայմանական ազատազրկման : Ըստ դատավճռի, Պողոսյանը մահացել է քաշքշուկից, Աղամալը մեղավոր է անզգույշ սպանության համար: Աղամալի փաստաբանը գոհ է։

2008-ի այս օրն արդեն չորրորդ օրն է, որ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում են ազատության հրապարակում պահանջելով չեղյալ համարել նախագահի կեղծված ընտրությունները : Ոստիկանությունը ընդդիմությանն ու ժողովրդին առաջարկում է հեռու մնալ հրապարակային միջոցառումներից: Բնապահպաններն արդեն 12 օր է պայքարում են, որ Մաշտոցի պողոտայում կրպակներ չտեղադրվեն :

2012-ի այս օրը նրանք խոստանում են, որ տեղադրված կրպակներն անձամբ են ապամոնտաժելու:

2013-ի փետրվարի 22-ին Երեւանի կենտրոնում ցուցարարները նախագահի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ դիտորդներին պահանջում են հեռանալ Հայաստանից՝ նրանք հավանություն են տվել կեղծված ընտրությունների արդյունքներին: Ցուցարարներով զբաղվում է ոստիկանությունը, բայց խանգարել չի ստացվում՝ դիտորդները մոտենում են ցուցարարներին եւ մաղթում նույնպիսի ընտրություններ իրենց երկրներում :