Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը՝ հանրաքվեի եւ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ (տեսանյութ)

ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը կարծում է, որ հանրաքվեի անհրաժեշտություն չկա։

Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի 1996-2014 թթ․ անդամ, գեներալ-մայոր Վալերի Պողոսյանն ասաց, որ համոզված է՝ Սահմանադրությունն այդ բանը թույլ չի տալիս։

«Թեկուզ այն պատճառով, որ անցումային դրույթը չի կարելի դնել որպես փոփոխության ենթակա դրույթ»,- ասաց նա։

Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրական դատարանը մեր իրավական շատ հարցերի պատասխանը տվել է, որը եղել է հօգուտ ժողովրդի՝ Հյուսիսային պողոտայի, Սոցիալական քարտերի, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որոշումները և այլն։

Անդրադառնալով գործող իշխանությունների և նրանց աջակիցների մեղադրանքներին, թե ՍԴ-ն դակել է կեղծված ընտրությունները՝ ՍԴ նախկին անդամը նշեց, որ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը գործակալական ցանցի շնորհիվ կարող էին 5 րոպեում դա պարզել և տալ համապատասխան տեղեկանք։ 

«Չեն արել։ Է՜ ես մեղավո՞ր եմ, որ չեն արել։ Որովհետև նրանք ծառայել են այն ժամանակվա իշխանություններին։ ՍԴ-ն ինչի՞ց ելնելով որոշեր, որ եղել է ընտրակաշառք, եղել են այսինչ խախտումները։  Երբ որ վստահված անձինք հազարների են հասնում, բոլոր ընտրական հանձնաժողովներում եղել են ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Եթե նրանք բողոք չեն ներկայացրել, ես որպես դատարան ինչի՞ հիման վրա պետք է որոշում կայացնեմ»,- ընդգծեց ԱԱՊՎ նախկին պետը։ 

ՆԳ նախկին նախարարն ասաց, որ քաղաքական ուժերը «գլուխները պրծացնելու համար» մեղադրել են Սահմանադրական դատարանին։

Այն դեպքում եթե հանրաքվեով դադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս 6 դատավորների լիազորությունները, Պողոսյանի խոսքերով, նրանք կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Սահմանադրության հոդված 2-ի «Իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտությունը, ըստ նրա, չպետք է մեխանիկորեն հասկանալ:

Մանրամասները՝ տեսանյութում։