Բացել լրահոսը Փակել լրահոսը
Chaqryan
A A
Քաղաքականություն

Մինչև օրս թուրքերը չեն հրաժարվել Հալեպը գրավելու մտադրությունից․ Հակոբ Չաքրյան

Փետրվարի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի Իդլիբ նահանգում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության դիրքորոշումը թուրքամետ է, որովհետև Սիրիայում ԱՄՆ-ն իր դիրքերը զիջել է և վերականգնելու համար աջակցում են թուրքերին»,- Սիրիայի շուրջ զարգացումների մասով «Ա1+»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Ըստ նրա՝ եթե Ռուսաստանն աջակցի, ապա Սիրիային կհաջողվի դուրս շպրտել թուրքական ուժերը, առանց Ռուսաստանի՝ ոչ, որովհետև երկիրը 2011 թվականից չհայտարարված պատերազմի մեջ է, հիմնահատակ ավերված, ավելի քան 7-8 միլիոն փախստական տված մի երկրի հետ գործ ունենք, ենթակառուցվածքները չեն գործում, արդյունաբերության մասին խոսք լինել չի կարող, աշխարհից կտրված է փաստորեն։

Ռուսաստանը, ըստ թուրքագետի, հույսը չի կորցրել, որ կկարողանա Թուրքիային առանձնացնել  ԱՄՆ-ից, առայժմ թուրքական «լկտիությունները» հանդուրժում է։

Իսկ հանդուրժելը Չաքրյանը բացատրում է նրանով, որ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ «Մենք Իդլիբում պայքարում ենք ահաբեկիչների և Ասադի վարչակարգի դեմ», իսկ իրականում Իդլիբի ահաբեկիչները  «Ալ-Ղաիդա» ծագումով, «Ալ Նուսրա»-ի թափթփուկներն են և «Սիրիայի ազգային բանակը», որոնց Թուրքիան է հովանավորում։

«Թուրքիայի ընդդիմադիր «Հաբեր» ՀԸ-ի մեկնաբաններից մեկն ասել էր, որ ամսական 400 դոլար վճար է տրվում նրանց։ Նրանցից ոմանց արդեն տեղափոխել են Տրիպոլի, ամսեկան 2000 դոլար են ստանում։ Ուզում եմ ասել, որ տեռորիստների դեմ պայքար ասելով՝ նա նկատի ունի քրդական ուժերին, այսինքն՝ ժողովրդի ինքնապաշտպանական ստորաբաժանումներին, որոնք սերտորեն համագործակցում են Միացյալ Նահանգների հետ»,- պարզաբանեց Չաքրյանը։

Սիրիաբնակ հայերի մասով փորձագետը նշեց, որ հիմնականում Հալեպ են տեղափոխվել, ջոկատներ են կազմել և մասնակցում են սիրական բնակավայերի ազատագրման գործողություններին Սիրիայի կառավարական ուժերի կողքին։

«Հայերն այդքան մեծ թիվ չեն կազմում Սիրիայում, և չեմ կարծում, որ հատուկ թիրախ դարձնեն նրանց։ Այդ ազդեցությունը չունեն, համայնքը լրիվ քայքայվել է»,- ընդգծեց նա։

Սիրիայում դիրքերի ամրապնդումը, թուրքագետի խոսքերով, Ռուսաստանի համար բացում է հարևան ամերիկամետ երկրներին վերահսկելու, ինչպես նաև արևելյան միջերկրականում ազդեցություն տարածելու հնարավորություն, և պատահական չէ Սիրիայում ազդեցություն տարածելուց հետո Լիբիայի խնդրի մեջ մխրճվելը ․ «Այսինքն՝ եթե Ռուսաստանը չունենար Սիրիայում ռազմա-քաղաքական ներկայություն, չէր կարողանա խառնվել Լիբիայի գործին»։

Չաքրյանը հիշեցրեց, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել, որով Թուրքիան պարտավորվել էր մինչև հոկտեմբերի 15-ը զինաթափել Իդլիբի բոլոր ահաբեկիչներին, Իդլիբում տեղակայված 12 դիտակետերը վերացնել, Մ4 ու Մ5 մայրուղիներն ազատել ահաբեկիչների վերահսկողությունից, հանձնել Ասադի զորքերին, իսկ դա մինչև 2019-ի հունվարը պիտի կատարվեր։

«Ահաբեկիչներին չէին զինաթափել։  Քանի որ այդ ահաբեկիչները համազգեստ չեն կրում, դու չես կարող հասկանալ ահաբեկի՞չ են, թե՞ խաղաղ բնակիչ։ Այսինքն՝ գիշերը վերցնում են «Կալաշնիկով»-ը դառնում են ահաբեկիչ, իսկ ցերեկը գնում են շուկա, դառնում են «խաղաղ բնակիչ»»,- շեշտեց քաղաքագետը։

12 դիտակետից 6-ը հայտնվել է այն տարածքում, որը Բաշար Ասադի զորքերի վերահսկողության տակ է, հիմա ևս 3-ն է հայտնվել, մնում է մի քանի դիտակետ, որ ժամանակավոր ռազմաբազայի բնույթ է կրում։

«Անօդաչու ինքնաթիռներով կարելի է հսկել այդ դիտակերտերը, ստեղծելու կարիք չկար։ Այսինքն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը Հուլուսի Աքարն Էրդողանին ասել էր, որ «Այնտեղ դիտակետեր ստեղծելու կարիք չկա, ԱԹՍ-ներով կարելի է վերահսկել, ինչ կարիք կա, սահմանից 7 կմ հեռավորության վրա է Իդլիբի նահանգը»,- շարունակեց Հակոբ Չաքրյանը։

Վերջինիս կարծիքով՝ Թուրքիայի համար այնտեղ խնդիրը ոչ թե վերահսկելն է, այլ ռազմական ներկայություն պահպանելը, իսկ մինչև օրս թուրքերը չեն հրաժարվել Հալեպը գրավելու մտադրությունից։

«Ինչու եմ ասում։ Որովհետև մինչև վերջերս խոսում են 1920 թվականին քեմալականների հռչակած «Ազգային ուխտի» մասին։ Այդ ուխտի հիման վրա ճշգրտվել են Թուրքիայի սահմանները։ Այդ ազգային ուխտի նախնական տարբերակում Հալեպն է եղել, Մոսուլն էլ, այսինքն՝ Մոսուլից ու Հալեպից Թուրքիան չի հրաժարվել», - պարզաբանեց Չաքրյանը։

Իսկ Էրդողանը, ըստ թուրքագետի, նոր օսմանիզմի կողմնակից է, պարզվեց, որ հաջողություն չի ունենում, արաբները բացարձակ չեն ընդունում ո՛չ թուրքերին, ո՛չ օսմանիզմը, վերջինը նրանց մոտ ալերգիա է առաջացնում։ «Եգիպտոսում Թուրքիան դեսպան չունի, և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին չի թողնում թուրքական նավերին անցնել Սուեզի ջրանցքով»,- նկատեց նա։

Թուրքագետը հավելեց, որ ներկայումս Սիրիայի հարցով բանակցություններն ընդհատվել են, այս փետրվարի 14-ին ռուսական պատվիրակությունը գնացել էր Անկարա, 17-ին թուրքականը՝ Մոսկվա, 18-ին էլ են շարունակվել, այսօր էլ, բայց որևէ համաձայնության չեն հանգել, բայց աշխատանքները շարունակվում են։

«Երբ ՌԴ արտգործնախարար Լավրովին հիշեցրել են Էրդողանի խոսքերը՝ «Մենք եթե նպատակի պիտի հասնենք, ռազմական գործողություններ կձեռնարկենք Բաշար Ասադի դեմ», ինքն ի պատասխան ասաց, որ «Դա վատթարագույն սցենարը կարող է լինել, և մենք չենք ցանկանում, որ Թուրքիան նման գործողություններ սկսի Սիրիայում»։ Դրանից անմիջապես հետո Էրդողանն ի պատասխան ռազմական գործողություններ սկսելու հարցին ասել է՝ «Ես կարծում եմ, որ Սիրիայում գործողություն սկսելու հարկ չի լինի»։ Այսինքն՝ խուսափեց հարցի  պատասխանից»,- եզրափակեց Չաքրյանը։