Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Իդլիբի հատվածը ներկայումս անկայուն վիճակում է․ թուրքագետ

2019 թվականի հունվարին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Լիբիա զորքեր ուղարկելուն, 2020 թ․ հունվարի հայտնի դարձավ, որ դեկտեմբեր ամսին Թուրքիան իր ազդեցության տակ եղած զինյալներին գործուղել է Լիբիա՝ ի աջակցություն։ 

2011 թվականից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուհամար  ալ-Կադաֆիի սպանությունից հետո, երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։

Երկրում երկիշխանություն է․ Լիբիայի արևմուտքում՝ Տրիպոլիում Ֆայեզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարությունն է,  իսկ արևելյան շրջանում՝ Բենգազիում գործում է Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է «Լիբիական ազգային բանակի» հրամանատար, մարշալ Խալիֆ Հաֆթարը։

Թուրքիան աջակցում է Ազգային համաձայնության կառավարությանը։ Այսօր հայտնի դարձավ նաև, որ Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Սիրիայի Իդլիբի նահանգ։

Իրավիճակի մասին «Ա1+»-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

«Թուրքիան այս քայլերն իր տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում է անում։ Այսինքն՝ այն, ինչ Թուրքիան անում է, նորություն չէ, նոր չէ, ոչ էլ անակնկալ է՝ հարևանների և մանավանդ մեզ համար։ Քանի որ մենք գիտենք Թուրքիայի` 2002 թվականից հետո իշխանության եկած «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը՝ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, փորձեց նեոօսմանական քաղաքականություն վարել, որի մեջ մտնում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ եղած երկրները կրկին ազդեցության տակ վերցնելու ծրագիրը»,- ասաց թուրքագետը։

Նրա խոսքերով՝ իհարկե նեոօսմանիզմի գաղափարի իրականցումն ամբողջովին տապալվեց, և Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը փորձում է օգտվել պահից և իր ազդեցությունը տարածել Լիբիայում, ինչպես Սիրիայում երկար տարիներից հետո, համաձայնության գալով թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչ-որ չափով կարողացավ ներկայություն ապահովել։

Վտանգների մասով Իսպիրյանն ասաց․ «Լիբիան մեզանից հեռու է։ Եթե Սիրիայի դեպքում մենք ունենք այնտեղ ապրող հայերի անվտանգության խնդիր, ապա Լիբիայի դեպքում Հայաստանի հետ կապված որևէ խնդիր չկա։ Սակայն ևս մեկ հանգամանք ընդգծենք․ այս պարագայում Թուրքիան, ում որ աջակցում է, աջակցում են նաև Եվրոպական Միության երկրները, իսկ հակառակորդ կողմի թիկունքին կանգնած են Ռուսաստանը և ԱՄՆ-ը»։

Թուրքագետը հետաքրքիր է համարում այսպիսի դիրքավորումները․ Թուրքիան և ԵՄ երկրների պարագայում շահերն են համընկնում։ «Լիբիայում, ցավոք, ի տարբերություն Սիրիայի, Թուրքիան ունի աջակիցներ, այսինքն՝ ում որ Թուրքիան աջակցում է, աջակցում են նաև ԵՄ երկրները, սակայն երբ դիմացը թե՛ Ռուսաստանն է, թե՛ ԱՄՆ-ը, թուրքական կողմի համար մի քիչ զգաստացնող ազդեցություն կարող է ունենալ՝ Լիբիայում ավելի չծավալվելու տեսանկյունից»,- նշեց նա։

Անդրադառնալով Լիբիա զորք ուղարկելուն, որի համար 2019 թվականի դեկտեմբերի վերջին Էրդողանը դիմել էր Թուրքիայի խորհրդարանին, Իսպիրյանն ասաց, որ խորհրդարանը շատ արագ հավանություն տվեց։ «Բայց այնտեղ դեռևս միայն հրահանգիչներ են ուղարկվել լիբիական, այսպես կոչված, զինված ուժերին մարզելու համար։ Թեև մենք գիտենք, որ վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից իր ազդեցության եղած վարձկան զինյալներին տեղափոխել է Լիբիա, այսինքն՝ ոչ թե թուրք զինվորներն են տեղափոխվել կռվելու, այլ՝ տարբեր երկրներից ժամանած վարձկան զինյալներին, որոնք կարող են լինել թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի, թե՛ արաբ և այլն»։

Հարցին, թե արդյո՞ք զինյալների տեղափոխումը կարող է նաև կապ ունենալ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հետ ստեղծված իրավիճակի հետ, երբ թուրքական իշխանություններին Կիպրոսի հունական կողմը և ԵՄ-ն մեղադրում են անօրինական հորատման աշխատանքներ կատարելու մեջ, թուրքագետը պատասխանեց, որ իրավիճակները միմյանց հետ պետք չէ կապել։ 

«Կիպրոսի հետ կապվածը Թուրքիայի էներգետիկ ծրագրերի մեջ  է մտնում, իսկ Լիբիայի պարագայում քաղաքական է»,- շեշտեց նա։

Դիտարկմանը, որ Լիբիա զինյալներ ուղարկելը կարող է լինել որպես թիկունքի ապահովում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հարցում, Իսպիրյանը պատասխանեց, որ չի կարծում, որ կարող է մեկը մյուսի համար թիկունք լինել, ամեն մեկն իրարից առանձին նպատակ և գործողություն է։

Այսօր հայտնի դարձավ, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի հաջողություններից հետո Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ։ 

Այս մասով Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Իդլիբի հատվածը ներկայումս անկայուն վիճակում է, և նահանգի հետ կապված Թուրքիան նախօորոք ՌԴ-ի հետ ուներ որոշակի պայմանավորվածություններ։ «Սակայն ներքին տեղեկություներով Թուրքիան փորձել էր խախտել այդ պայմանավորվածությունը, այսինքն՝ առաջխաղացում էր իրականացրել, այսինքն՝ ոչ թե Թուրքիան, թուրքական զորքերը, այլ՝ Թուրքիայի ազդեցության տակ եղած զինյալները՝ իհարկե թուրք ինստրուկտորների գլխավորությամբ, ինչին հետևեց ռուսական կողմի պատասխանը»,- շարունակեց նա։ 

Ըստ Իսպիրյանի՝ սիրիական կառավարական զորքերի ավիահարվածներից հետո,  որի հետևանքով պաշտոնական տվյալներով 5 և ոչ պաշտոնական՝ ավելի զինվորական սպանվեց, ռուս-թուրքական ճգնաժամն ավելի խորացավ, Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղան փոխադարձ մեղադրանքներ, հարաբերությունները ինչ-որ չափով սրվել էին նաև  Ղրիմի հետ կապված Թուրքիայի հայտարարություններից հետո։

«Սակայն Էրդողանը չգնաց ավելի սրման և հայտարարեց, որ ամեն դեպքում ՌԴ-ի հետ ունեն ռազմավարական հեռահար նպատակներ, ավելին հակաօդային պաշտպանության «Ս-400» զենիթահրթիռային համալիրի շարունակական մատակարարումը։ Էրդողանը հայտարարեց, որ իրենց համար կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունները և փորձելու են ուղղակի կարգավորել լարվածությունը, թուլացնել այն»,- եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։