Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ո՞ւմ հայրական ժառանգությունն է Հանրայինը»․ լրագրողները մտադիր չեն հետ կանգնել (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունը Վարչական դատարանի՝  լրագրողների հայցը բավարարելու մասին որոշումը բողոքարկել է։ Վերաքննիչ դատարանն առաջին նիստը նշանակել է 2021 թվականի մայիսի 6-ին, այսինքն՝ հրապարակման վարույթն ընդունելուց մեկ տարի 3 ամիս հետո։

Նշենք, որ Հանրային հեռուստատեսության լուրերի բաժնի՝ աշխատանքից ազատված լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանուշ Մուրադյանի դատական հայցն ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի և Հանրային հեռուստաընկերության ՀՀ վարչական դատարանը  բավարարել էր նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին։ 

Լրագրող Լիանա Կարապետյանը, ով Հանրայինի լուրերի բաժնում աշխատել է 22 տարի, «Ա1+»-ի հետ զրույցում ասում է՝ պատրաստ են ցանկացած սցենարի և պայքարը շարունակելու են մինչև վերջ, քանի տարի էլ որ դա տևելու լինի։

«Մեր վերջնական նպատակը արդարության հաստատումն է և առհասարակ՝ հարցերի պատասխանը ստանալը՝ ինչո՞ւ, ի՞նչ ընտրանքով այս կրճատումը տեղի ունեցավ, որովհետև որևէ հիմնավորում մենք չենք ստացել՝ ո՛չ տրամաբանական, ո՛չ անտրամաբանական»։

Սիրանուշ Մուրադյանն էլ ասում է, որ ուզում են նախադեպ ստեղծել, որ կարելի է սկզբունքորեն պայքարել և վերականգնել աշխատանքային իրավունքները․

«Մեծ հարց է՝ վերականգնումից հետո ինչ վիճակում կլինենք, կաշխատենք թե ոչ, մանավանդ, որ այսօր Հանրային հեռուստաընկերությունում մի այնպիսի պատկեր է, որտեղ գնալ աշխատել զուտ մասնագիտական առումով, չեմ կարծում, թե ավելի նպաստավոր է լինելու։ Երբ վերաքննության բողոքը եղավ, բոլորովին անակնկալ չէր մեզ համար, մեր աչքի առաջ էր միլիոնների քրեական գործը, որի ճակատագիրը մենք այդպես էլ չիմացանք»։

Մուրադյանն ասում է՝ հեղափոխությունից հետո, երբ Հանրային  հեռուստառադիոխորհրդի նախագահ նշանակվեց Արա Շիրինյանը, մեծ հույս կար, որ շատ հարցեր կլուծվեն․

«Կրկին հիասթափության առաջ կանգնեցինք, երբ կարճաժամկետ աշխատանքից հետո նրա խորհրդականը՝ Տիգրան Պասկևիչյանը իր դիմումով հեռացավ՝ հայտարարելով, որ Հ1-ը ղեկավարում է մի կին, որից վաղուց պետք է մատնահետք վերցնել, այսինքն՝ այս համապատկերում մեզ համար ամենևին տարօրինակ չէ, որ Առաջին ատյանի 25 էջանոց այս հիմնավոր փաստարկներից հետո ապօրինի որոշում է կայացվել մեր նկատմամբ, մարդիկ գնում են վերաքննության»։

Հանրայինի նախկին լրագրողները պնդում են՝ իրենք աշխատանքից ազատվել են Հանրային հեռուստառադիոխորհրդի այն որոշմամբ, որը ստորագրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի արդեն նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանը․

«Փաստացի այսօր պաշտպանվում է Ռուբեն Ջաղինյանի ստորագրության արդարացիությունը, որովհետև որոշման տակ չկա Արա Շիրինյանի ստորագրությունը, որ այս պատմության ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցրեց իր վրա»,-նշում է Լիանա Կարապետյանը։

Սիրանուշ Մուրադյանը մտահոգիչ է համարում , որ լրագրողական կազմակերպությունները տեղի ունեցողին որևէ կերպ չարձագանքեցին։ 

Հարցին՝ եթե դատական պրոցեսներն ավարտվեն հօգուտ իրենց, պատրա՞ստ են գնալ և կրկին աշխատել Հանրայինում, Սիրանուշ Մուրադյանը պատասխանում է․

«Ո՞ւմ հայրական ժառանագությունն է Հանրային հեռուստաընկերությունը, որ մենք պետք է ընկրկենք գնալ աշխատանքի»։

Սիրանուշ Մուրադյանը պնդում է՝ Հանրայինում հեղափոխություն չի եղել։

Լիանա Կարապետյանն էլ հավելում է, որ եթե Հանրայինում հեղափոխություն լինի, պետք է «սկսել գլխից»։

Հիշեցնեք, որ լրագրողներ Սիրանուշ Մուրադյանը և Լիանա Կարապետյանը հայցադիմում էին ներկայացրել վարչական դատարան՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով, որով նրանք կրճատվել էին աշխատանքից։